Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ղեկավար՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի է ունեցել ֆրանկոֆոն դեսպանների խմբի հանդիպումը՝ նվիրված անցյալ տարեվերջին Ջեբրայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում են Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատնից:
Ջեբրայի գագաթնաժողովի արդյունքների և ընդունված փաստաթղթերի մասին զեկույցներով հանդես են եկել Թունիսի դեսպան Սլիմ Ղարիանին և ԵՄ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դեսպան Իսիդորա Մարա Նիանգը։
Դեսպան Բալայանը հատուկ անդրադարձ է կատարել գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում Հայաստանի տարածքային ամբողջականության սատարմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն աջակցությանը, պայմանավորվածությունների անշեղ կատարմանը՝ ընդգծելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների հստակ դիրքորոշման կարևորությունը։
Տեղի է ունեցել քննարկում Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի գործունեության ակտիվացման, ինչպես նաև Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործման խթանմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի հանդեպ Ադրբեջանի շարունակական սադրանքները, Լաչինի շրջափակման հետևանքով արցախահայությանը վրա հասած հումանիտար ճգնաժամը՝ բարձր գնահատելով առկա մարտահրավերներին լուծումներ գտնելուն ուղղված Ֆրանսիայի ակտիվ գործողությունները։