ՍՈԼԵԴԱՐՈՒՄ ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԵՐ ԵՆ
Դոնեցկի Սոլեդար քաղաքում կատաղի մարտեր են: Բնակավայրի համար Ռուսաստանի և Ուկրաինայի Զինված ուժերը պայքարում են արդեն շուրջ 5 ամիս: Փորձագետները նշում են, որ Սոլեդարը երկու կողմի համար էլ մարտավարական նշանակություն ունի: Այն ուկրաինական պաշտպանության կարևորագույն հանգույցի՝ Բախմուտի հյուսիսային ծայրամասն է:
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր խմբավորումը վերահսկում է քաղաքի ողջ տարածքը: Բնակավայրի կենտրոնում քաղաքային մարտեր են ընթանում։ Նա ընդգծել է՝ Սոլեդարի համար մարտերում ներգրավված են միայն «Վագներ»-ի ջոկատները, ռուսական այլ ստորաբաժանումներ ներգրավված չեն եղել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հայտարարությամբ հանդես չի եկել, ինչպես նաև փաստացի հերքել է Սոլեդարը առանց ռուսական ստորաբաժանումների գրավելու մասին Վագների խմբի հայտարարությունը:
Գերատեսչության տվյալով՝ ռուսական կողմը հյուսիսից և հարավից շրջապատել է Սոլեդարը և օդային հարվածներ է հասցնում քաղաքին:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից նշել են, որ քաղաքում բարդ իրավիճակ է, սակայն Սոլեդարը դեռ դիմադրում է, ուկրաինական ուժերը ոչ միայն պաշտպանվում են, այլև որոշ հատվածներում հակագրոհներ կազմակերպում:
Լրատվամիջոցները նշում են, որ քաղաքն ամբողջությամբ ավերվել է:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Վոլոդիմիր Զելենսկին Լվովում խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում զարգացումների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրավիճակը: Զելենսկին ընդգծել է, որ Բելառուսից դեռ սպառնալիք չեն տեսնում, սակայն պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի:
Զելենսկին Լվովում հանդիպել է նաև Լեհաստանի և Լիտվայի առաջնորդներ Անջեյ Դուդայի և Գիտանաս Նաուսեդայի հետ։ Վերջիններս վստահեցրել են, որ պատերազմի ավարտից հետո կներգրավվեն Ուկրաինայի վերականգնման գործընթացում։ Լեհական կողմը հայտարարել է, որ Վարշավան Կիևին Leopard տանկեր կմատակարարի: Լիտվան էլ պատրաստ է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել:
ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ՌԱՅԻՍԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, պայմանավորվել զարգացնել գործակցությունը մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում, ինչպես նաև ջանքեր գործադրել Սիրիայում իրավիճակի կարգավորման և այդ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ:
Կրեմլի մամուլի ծառայության տվյալով՝ իրանական և ռուսական կողմերը առաջիկայում բարձր մակարդակի շփումներ կանցկացնեն։
ԱՆԿԱՐԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Անկարան հերքել է Ուկրաինային սառը պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան կասետային զինամթերք տրամադրելու մասին Foreign Policy-ի տեղեկությունները:
Ռեջեփ Էրդողանի վարչակազմից նշել են՝ Թուրքիան միակ երկիրն է, որը ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ Էրդողանը միակ ղեկավարն է, որին վստահում են թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Վոլոդիմիր Զելենսկին:
ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԻՐ ԵՐԿԻՐ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Ռեջեփ Էրդողանին հրավիրել է այցելել հրեական պետություն։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Երուսաղեմում Թուրքիայի նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Հերցոգը հույս է հայտնել, որ երկու պետությունները կշարունակեն ամրապնդել հարաբերությունները փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հանուն իրենց ժողովուրդների և տարածաշրջանի ապագայի։