2020-ից սկսած` Նորաշեն արգելոցի տարածք մարդկանց մուտքն արգելափակելուց հետո արգելավայրում ավելացել են չվահյուր թռչունների տեսակներն ու քանակը: «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցը ստեղծվել էր որպես Կարմիր գրքում գրանցված արծաթափայլ որորի բնադրավայր, սակայն մարդկանց անկանոն հոսքն արգելավայր խոչընդոտում էր որորի ձվադրմանը:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Վերջին ուսումնասիրություններում պարզ էր դարձել, որ ձվադրման պրոցեսը ընթանում է արգելոցի ոչ միայն կղզյակային հատվածներում, այլ նաև արգելավայրի ափամերձ գոտում:
Երկու տարվա սահմանափակումները դրական են ազդել արգելոցի էկոհամակարգի վրա, ասում է բնության հատուկ պահպանվող տարածքների պատասխանատուն: Այս տարվա հուլիսից արգելոցը նորից բացվեց այցելուների համար, սակայն արդեն նոր կանոններով. քեֆ- ուրախությունների փոխարեն այստեղ հնարավոր է այցելել ճանաչողական զբոսաշրջության, ուսումնաարտադրական պրակտիկաների և կրթադաստիարակչական միջոցառումների նպատակով:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Մենք գրանցեցինք այնպիսի արդյունքներ, որ նախ «Սևան» ազգային պարկը իր զբոսաշրջային ձեռնարկատիրական գործունեության միջոցներն ավելացրեց:
Կարեն Մնացականյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) - Երեք-չորս ամսվա ընթացքում «Սևան» ազգային պարկ է մուտք եղել մոտ 4.8 միլիոն դրամ:
Մի քանի ամսվա գործունեության փորձը ցույց է տվել, որ նույնիսկ խիստ կանոնակարգով ու մուտքավճարներով ազգային պարկը կարող է եկամուտ ստանալ ու հոգալ իր ծախսերը: Հաջորդ տարի արգելոցը կկահավորեն մինչև 20 քառակուսի մետրանոց թեթև ու ժամանակավոր ծածկերով, ճանաչողական դիտակետերով: