ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Մուրադյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում` «Այգի» ռեստորանում (ք. Երևան, Նոր Արեշ):
Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝ արտադրական տարածքի կառույցը նախագծմամբ չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, բորբոսի առաջացումը մակերեսներին, միջատների ներթափանցումը,
-
պատերը նորոգ վիճակում չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից և հեշտ լվացվող չեն,
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում,
-
չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման տարածք կանխելու ուղղությամբ,
-
աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չեն կրել համապատասխան, մաքուր, պաշտպանիչ հագուստ:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: