Դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա մորից, կնոջից և որդիներից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 2.4 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք:
ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի` Ավանում գտնվող առանձնատունն, ըստ դատախազության, նույնպես ապօրինի է, բացի սրանից, բռանագանձման ենթակա է Ավանում եւս 8 բնակարան, շինություններ, ինչպես նաև Ջերմուկում գտնվող մեկ ամառանոց, 2 տրանսպորտային միջոց:
Ռուզաննա Խուդավերդյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Իսկ անհնարինության դեպքում բռնագանձման ենթակա է դրանց միջին շուկայական արժեքը, որն, ընդհանուր առմամբ, կազմում է ավելի քան 1.5 միլիարդ ՀՀ դրամ, սակայն այս թիվը աճի միտում ունի, քանի որ բռնագանձման է ենթակա նաև 1 իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեքը ու Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույքի և 3 շարժական գույքի շուկայական արժեքները, որոնց պարզման համար այս պահին նշանակված է փորձաքննություն:
Բացի այդ, դատախազի խոսքով` բռնագանձման է ենթակա շուրջ 854 միլիոն դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ: Ուսումնասիրության առարկա է դարձել 2001-ից ձեռք բերված գույքը, հենց այդ թվականից է Մարգարյանը պաշտոն զբաղեցրել և, ըստ դատախազության, ձեռք բերել առաջին ապօրինի ծագում ունեցող գույքը: Համաձայն ուսումնասիրության՝ Մարգարյանը և նրան փոխկապակցված անձինք ստացել են օրինական 82 միլիոն դրամ եկամուտ:
Ռուզաննա Խուդավերդյան - Սակայն նույն ժամանակահատվածում Տարոն Մարգարյանի ընտանիքը միայն գույքային ձեռքբերումների դիմաց կատարել է շուրջ 1 միլիարդ դրամի չափով վճարումներ, ինչը արդեն իսկ ակնհայտորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները և ցույց է տալիս օրինական եկամուտների և նրանց կողմից կատարված ծախսերի միջև էական անհամապատասխանությունը:
Դատարանը որպես հայցի ապոհման միջոց պատգամավորի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա կալանք է դրել: Նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին:
Ռուզաննա Խուդավերդյան - Տարոն Մարգարյանի փաստաբանի կողմից ընթացքում ստացել ենք դիրքորոշումներ, դրանք ուսումնասիրվել են իրավասու մարմնի կողմից, մասամբ հաշվի են առնվել, արժանահավատ են դիտարկվել իրավասու մարմնի կողմից, դրանց հիման վրա կատարվել է վերահաշվարկ, ու նոր արդեն վերջնական հայցադիմումն է կազմվել, եղել են նաև տվյալներ, որոնք այս փուլում համենայնդեպս արժանահավատ չեն դիտարկվել:
Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված 24-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ:
«Լուրեր»-ը փորձեց թե՛ Տարոն Մարգարյանից, թե՛ նրա ներկայացուցիչ Բենիկ Գալստյանից դիրքորոշում ճշտել հայցի վերաբերյալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
7 տարի Երևանը ղեկավարած Մարգարյանը անցնում է նաև քրեական գործով. ըստ իրավապահների՝ նախկին քաղաքապետը մայրաքաղաքի որոշ դպրոցների սահմանների ճշգրտման գործընթացի ժամանակ մի քանի դրվագներով չարաշահել է լիազորությունները:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան