Հունվարի 14-ից 100 հազար դրամը գերազանցող արտարժույթի փոխանակման ժամանակ բանկերը պահանջելու են անձնագիր: Կենտրոնական բանկի խորհրդի նախորդ տարեվերջին ընդունած որոշումն է: Այս շեմը ներկայում գործում է վարկային կազմակերպությունների և փոխանակման կետերի համար: Որոշման վերաբերյալ «Լուրերին» գլխավոր դրամատնից հայտնեցին:
ՀՀ Կենտրոնական բանկ
«Եթե մինչ փոփոխության ուժի մեջ մտնելը բանկում արտարժույթի առքուվաճառքի գործարք իրականացնելիս հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր էր 400.000 դրամի շեմը գերազանցող գործարքների դեպքում, 2023 թվականի հունվարի 14-ից այդ պահանջը պարտադիր է դառնալու արտարժույթի առքուվաճառքի՝ 100.000 դրամի շեմը գերազանցող գործարքների համար»։
ԿԲ հավաստմամբ՝ փոփոխության նպատակն է սահմանել միասնական մոտեցում արտարժույթի առքուվաճառք իրականացնող մասնագիտացված բոլոր սուբյեկտների համար: Նման սահմանափակումները, ըստ մասնագետների, անվտանգության համար են՝ առաջին հերթին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Պետք ա նախ նկատի ունենալ, որ ցանկացած նորմատիվ կարգավորում ինքը ունի նախևառաջ կանխարգելիչ բնույթ, և սա, նախևառաջ, կանխարգելիչ որոշակի էսպես զեղծարարությունների իրականացումը: Երկրորդ հերթին՝ մենք պետք ա հասկանանք, որ սա միայն մեր երկրում տիրող զարգացումներ չեն, սա համաշխարհային տենդենց ա:
Աշխարհում ընդունված պրակտիկա է՝ բանկային գործառնությունները, անկախ գումարի չափից, անձը հաստատող փաստաթղթի միջոցով են իրականացվում՝ նշում է Հայկ Բեջանյանը, հիշեցնում՝ հատկապես նախորդ տարվա մարտից Հայաստանում արտարժույթի մեծ հոսք կա:
Հայկ Բեջանյան - Հոսքերի ավելացումը միանշանակ իր դերակատարումը ունի էս ամեն ինչի մեջ, որովհետև լրացուցիչ հոսքերը իր հերթին լրացուցիչ ռիսկեր են գեներացնում, և սա նաև էդ ռիսկերը զսպելու քայլ ա իրենից ենթադրում: Չեմ կարծում, որ գործառույթների իրականացման առումով սա լրացուցիչ խնդիրներ կառաջացնի, կհանգեցնի, սակայն պետք ա հասկանանք, որ սա լրացուցիչ կարգավորման, այսինքն՝ լրացուցիչ որոշակի բյուրոկրատական բան ա իրենից ենթադրում:
Գործընթացը թափանցիկ կլինի նաև եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման պրոցեսի համար, ընդգծում է փորձագետը՝ հավելում, եթե քաղաքացին ստվերային եկամուտներ չի ստանում կամ փողերի լվացման գործընթացում ներգրավված չէ, մտահոգվելու առիթ էլ պետք է չունենա:
Հայկ Բեջանյան - Բնական երևույթ ա, դրան պետք չի ո՛չ ընդդիմանալ, ո՛չ էլ այլ ենթատեքստեր դրա մեջ փնտրել, պարզապես սա լրացուցիչ անվտանգության միջոցառում ա, որը միայն նպաստելու է ֆինանսական կարգապահությանը:
Նշենք, որ 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալով՝ ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել շուրջ 4 մլրդ 600 մլն դոլար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան