Հանրապետության դպրոցներում վերսկսվել են դասերը: Սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման պատճառով դասից առաջ աշակերտները պարտադիր ախտահանում են ձեռքերը, նաև չափում են ջերմությունը: Երևանի Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի տնօրենը նկատում է, որ սահմանափակումներն ու խստացումները միտված են վիրուսի տարածման կանխարգելմանը: Նշում է՝ այս պահին դպրոցում վարակվածներ չկան: Ախտանշանների դեպքում էլ բուժքույրն առաջին օգնությունն է ցուցաբերում, անմիջապես տեղեկացնում ծնողին:
Նաիրա Ավետիսյան (Երևանի Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի տնօրեն) - Մինչ արձակուրդը եղել են 40, 50, ոչ ավել բացակայություններ: Հիմնականում եղել են սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված: Իսկ այս պահի դրությամբ, վերջին տվյալներով, 80 բացակա ունենք:
Հիմք ընդունելով Առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, ԿԳՄՍ նախարարությունը հանրապետության 1400 դպրոցներին հանձնարարել է իրականացնել համաճարակային ֆիլտր: Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ դեռևս քովիդի ընթացքում բոլոր դպրոցները ձեռք են բերել անհրաժեշտ բոլոր միջոցները և պատշաճ պահպանում են բոլոր սահմանափակումները:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ) - Նախարարությունը շրջաբերական գրություն ուղարկեց բոլոր մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև տեղեկացրեց իր ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որ առավոտյան իրականացվեն ջերմաչափման աշխատանքներ, և եթե երեխաների կամ ուսուցիչների մոտ կնկատվի ջերմություն կամ դասերի ընթացքում ինքնազգացողության վատացում կլինի, նրանց տուն ուղարկենք:
Վերջին 10 օրում շտապօգնության մոտ 10.600 կանչերից 2095-ը եղել է սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված, հիվանդանոց է տեղափոխվել 153 հիվանդ: Մի մասն էլ անմիջապես դիմել է հիվանդանոց և պոլիկլինիկա: Շտապօգնության տնօրենը շեշտում է՝ հատկապես երեխաների՝ 38.5 և ավելի բարձր ջերմություն ունենալու դեպքում ցուցված է դիմել շտապօգնության ծառայությանը կամ բժշկին:
Թագուհի Ստեփանյան (Շտապօգնության ծառայության տնօրեն) - Մանկական կանչերի թիվը կազմել է սուր շնչառական հիվանդություններով 712, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 111 երեխա:
Այս պահի դրությամբ Հանրապետության դպրոցներում բացակայությունների թիվը աշակերտների 2.2 տոկոսի չափ է: Նախարարությունից հայտնում են՝ չի քննարկվում արձակուրդները երկարաձգելու հարցը, քանի որ դրա անհրաժեշտություն դեռևս չկա:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան