Հայտնի են հունվարի 10-ին Բևերլի Հիլզում տեղի ունեցած «Ոսկե գլոբուսի» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողները: «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Ֆաբելմանները» ժապավենը, իսկ Սթիվեն Սփիլբերգն այդ աշխատանքի համար ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ ռեժիսորի ընտանիքի, մանկության և ռեժիսոր դառնալու ճանապարհի մասին:
«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է «Ինիշերինի Բանշիները» ֆիլմը: Ռեժիսոր Մարտին Մակդոնան էլ «Ոսկե գլոբուսի» է արժանացել լավագույն սցենարի համար։ «Ինիշերինի Բանշիները» կինոսերներին հերթական անգամ ուրախացրել է «Բրյուգեում» ֆիլմից հայտնի աստղային կինոդուետով՝ Բրենդան Գլիսոն - Քոլին Ֆարել: Վերջինս էլ հենց ճանաչվել է կատակերգական ֆիլմի լավագույն դերասաններից մեկը:
Դրամատիկական ֆիլմում լավագույն դերասաններ են ճանաչվել Օսթին Բաթլերը «Էլվիս» ֆիլմով և Քեյթ Բլանշեթը «Տար» ֆիլմով: Իսկ մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Պինոկիո»-ն հաղթել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:
«Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում մրցանակը ստացել է «Վիշապի տունը», իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Էյֆորիա» սերիալի աստղ Զենդեյան:
Մրցանակաբաշխությանը հատուկ ուղերձով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար և վստահեցրել, որ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: «Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները միլիոնավոր կյանքեր խլեցին։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: Ուկրաինան վերջ կտա այս ագրեսիային», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահին ներկայացրել է դերասան և ռեժիսոր Շոն Փենը, որը Կիև էր այցելել 2022 թվականի նոյեմբերին և Զելենսկուն նվիրել Էր «Օսկար» մրցանակի իր արձանիկը։