Ադամանդագործությունում աշխարհի առաջատար համարվող հնդկական KGK Group ընկերությունը երկու ամսից մասնաճյուղ կբացի նաև Հայաստանում: Աշխարհում վերամշակվող ադամանդի ութ տոկոսը բաժին է ընկնում այդ ընկերությանը:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Սպասում ենք, որ առաջին եռամսյակում արդեն իրենք կբացեն գործարանը Հայաստանում` Աբովյան քաղաքում, և մոտ 300 աշխատատեղ իրենք արդեն էնտեղ կբացեն:
Ընկերությունը մասնաճյուղեր ունի Ռուսաստանում, Հնդկաստանում, ինչպես նաև Աֆրիկայում: Ի դեպ բազմաթիվ լավագույն հայ ադամանդագործներ տարիներ առաջ Հայաստանից մեկնել ու արդեն աշխատում են ընկերության տարբեր մասնաճյուղերում: Փոխնախարարը վստահ է` Հայաստանում KGK-ի մասնաճյուղի բացումով նրանց մի մասը կվերադառնա Հայաստան:
Նարեկ Տերյան - Մենք գիտենք, որ հիսունից յոթանասուն հոգի արդեն որոշում կայացրել են և աշխատելու են այդ նոր գործարանում:
Հայաստանի համար ավանդական համարվող ադամանդագործության ոլորտը վերականգնվում է: 2021-ին ադամանդի արտահանումը ընդամենը 100 միլիոն դոլար է կազմել, 2022-ի հունվար-նոյեմբերին հասել է 360 միլիոն դոլարի:
Նարեկ Տերյան - Օպերատիվ մեր թվերով տարին ամփոփում ենք 400 և ավել միլիոն ԱՄՆ դոլարի արտահաման:
Բացի KGK-ից, առաջիկա երկու ամիսներին ադամանդագործական ևս երկու նոր ընկերություն կբացվի, ասում է նախարարի տեղակալը: Մոտավոր հաշվարկներով` այս տարի ադամանդի արտահանումը կհասնի 500 միլիոն դոլարի: Բարձր որակի հումք ձեռք բերելու հարցում ընկերություններին կաջակցի դեռևս անցած տարի ստեղծված «Հայալմաստ» ընկերությունը: