Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ կատարվել են առաջին փուլի փոփոխությունները, որոնք ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.: Նախորդ փոփոխությունների իրականացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր այն կատարել փուլային եղանակով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացնի որոշակի հարկային բեռ պետական բյուջեի վրա: Փոխնախարարի խոսքով՝ հենց այդ նպատակով ներկայիս նախագծով առաջարկվում է իրականացնել երկրորդ փուլի փոփոխությունները:
Նախագծում ներառված ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արդյունք ստեղծելու համար: Հիմք ընդունելով տեղական արտադրողներին աջակցելու Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունը՝ նախատեսվում է տնտեսվարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն: Այդ նպատակով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում: Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները:
Պատգամավորների կարծիքով՝ օրենքի նախագծում ներկայացված ապրանքների ցանկը հստակեցնելու կարիք կա, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն հստակեցնել:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով: