ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց 2022-ի ընթացքում 1 միլիարդ 800 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել 9800 քաղաքացի: Սա նախատեսվածից ավելի շատ էր՝ ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան, բյուջեն տարվա ընթացքում ավելացել է:
Արմեն Մարգարյան (ՀՀ ԱՍՀՆ ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ) - Դրանք էին չորս սոցիալական խմբերը, դա մինչև 39 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց էր վերաբերում, դա վերաբերում էր մարտական գործողություններին մասնակից անձանց, դա վերաբերում էր սահմանամերձ բնակավայրերում հաշվառված ու բնակվող անձանց, ինչպես նաև զոհված զինծառայողների ունեցած խնայողություններին, գումարի չափը տատանվում էր՝ տարեցների մոտ 200 հազար՝ մեկ անձի, իսկ մնացածի մոտ դրանք ավելի քիչ էին:
Այս տարի շահառուների ցանկն ընդլայնվել է՝ հունվարի 1-ից սկսած դիմում ներկայացնել ու դեռ Սովետի օրոք բանկում ներդրված գումարի դիմաց փոխհատուցում կարող են ստանալ արդեն մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ծնված անձինք: Մարգարյանի խոսքով՝ ցուցակն ընդամենը 6 ամսով են ընդլայնել, քանի որ ցանկանում են առանց հերթերի ու կարճ ժամանակում կազմակերպել գործընթացը:
Արմեն Մարգարյան - Հետագայում, եթե մենք կունենանք հնարավորություն շարունակելու այս տարվա, բնականաբար, որոշում կկայացվի տարեթիվը երկարաձգելու իմաստով, բայց այս պահին մենք նպատակ ենք դրել, որ 40 թվականի հունիսի 30-ից ծնվածները 1-2 ամսից ավելի չսպասեն, այսինքն՝ դիմելուց հետո հաջորդ ամիս նրանք ընդգրկվեն:
Դիմելու կարգը բաժնի պետը նորից է հիշեցնում. Խնայբանկի ավանդատուները պետք է այցելեն «ՎՏԲ բանկ», ստանան տեղեկատվություն ունեցած խնայողությունների մասին և այդ տեղեկանքով ներկայանան բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայություն, դիմումը լրացնելուց հետո, ըստ հերթականության, կկատարվի վճարումը:
Արմեն Մարգարյան - էս տարվա համար 1 միլիարդ 100 միլիոն է նախատեսված, 6 ամսվա ծնվածների համար, բնականաբար, 6 ամիս, և եթե պետք լինի նախորդից մարդիկ, որոնք չեն դիմել, նրանք էլ կշարունակեն ստանալ: Մենք կարծում ենք, որ այս գումարը կբավարարի շուրջ 5800-6000 ավանդատուների:
Ըստ Մարգարյանի՝ շահառուների գերակշիռ մասը տատիկ-պապիկներ են, նրանց տրվող փոխհատուցման չափն էլ միջինը 200 հազար դրամ է կազմում: Գործող բանաձևով՝ 10.000 ռուբլին 216400 դրամ է, իսկ 10.000-ը գերազանցող գումարի դեպքում արդեն յուրաքանչյուր հավելյալ 1 ռուբլու արժեքը 4 դրամ է հաշվարկվում, փոխհատուցում էլ կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ն են ներդրել իրենց գումարը: