Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Այս մասին հայտնում է Foreign Policy թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին։
Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և դրանց օգտագործումը խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի է հանգեցնում։ Կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է 2010 թվականի օգոստոսին ընդունված Օսլոյի կոնվենցիայի համաձայն:
«Զենքի առաջին խմբաքանակը նախատեսված է տանկեր ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, որ Ուկրաինան մի քանի ամիս անհաջող կերպով փորձում էր կասետային ռումբեր ստանալ ԱՄՆ-ից։ «Երբ Միացյալ Նահանգները մերժեց Կիևին, Թուրքիան դարձավ միակ երկիրը, որտեղից ուկրաինացիները կարողացան այն ձեռք բերել»,- ասել է աղբյուրը:
Այս զինատեսակն Ուկրաինային տրամադրելուց հետո էլ Անկարան վստահեցնում է, որ շարունակելու է ջանքեր գործադրել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու համար։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն առաջիկա ամիսներին Ուկրաինայում կանխատեսել էր հակամարտության սրացում։