ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԶԵԼԵՆՍԿՈՒ՝ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման՝ Վոլոդիմիր Զելենսկիի առաջարկած ծրագրին և աշխատում է այդ ուղղությամբ։
«Իհարկե, մեր նպատակը տևական խաղաղությունը և փոխադարձ ընդունելի լուծումն է: Այս պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, և որքան շուտ կարողանանք դա գիտակցել, այնքան լավ»,- ասել է դիվանագետը։
Ուկրաինայի նախագահի՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը հետևյալն է՝ միջուկային, էներգետիկ և պարենային անվտանգություն, գերիների ազատ արձակում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, աշխարհակարգի, ինչպես նաև արդարության վերականգնում, ռուսական զորքերի դուրսբերում, էկոցիդի և հետագա էսկալացիայի կանխում, ռազմական գործողությունների դադարեցման արձանագրում։
Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Մոսկվան նշել է՝ «խաղաղության ցանկացած ծրագիր» պետք է հաշվի առնի նաև նոր իրողությունները, մասնավորապես՝ հանրաքվեների արդյունքում Ռուսաստանին ուկրաինական շրջանների միացումը։
ՓՐԱՅՍԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալման և կալանավորման կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց։ Կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հաշվի առնել քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ եղանակով կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
ՌԴ-Ն 2023-ԻՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏՐԻԱԴԱՆ. ՇՈՅԳՈՒ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ծրագրում է 2023 թվականին շարունակել զարգացնել Ռուսաստանի միջուկային տրիադան, որը ներառում է ռազմավարական ավիացիան, հրթիռային զորքերը և ռազմածովային ուժերը։
«Մենք կուժեղացնենք միջուկային մարտունակությունը, քանի որ միջուկային վահանը մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության գլխավոր երաշխավորն է»,- ասել է Շոյգուն։
ԻՐԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԿՀԵՏԵՎԵՆ ՀԻՋԱԲ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ
Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին իրավապահներին հանձնարարել է ավելի խիստ հետևել երկրում հիջաբ կրելու կանոններին և պայքարել խախտումների դեմ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
«Հանրային վայրերում գլխաշորը հանելու դեպքերը պետք է վճռականորեն կանխվեն։ Կարգը խախտողները պետք է ձերբակալվեն»,- նշել է պաշտոնյան։
Իսլամական քրեական օրենսգրքի համաձայն՝ տուգանքներից բացի, օրենքը խախտողներին սպառնում է նաև 10 օրից մինչև 2 ամսվա ազատազրկում։ Մոնտազերիի խոսքով՝ կարող են կիրառվել նաև վարչական բնույթի լրացուցիչ միջոցներ, մասնավորապես՝ պետական ծառայությունից ազատում, աքսոր, երկրից դուրս գալու արգելք և գույքի բռնագրավում:
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Բրազիլիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են: Ակցիայի մասնակիցները դեմ են հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին և երկրի ղեկավարի պաշտոնում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ընտրվելուն: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Ցուցարարներից պահանջել են ապամոնտաժել մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կառուցված վրանային ճամբարը: Բրազիլիայում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարվել։
Բոլսոնարուն դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները՝ դրանք որակելով «հակաօրինական»: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այժմ նա գտնվում է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում։ Նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման պատճառների մասին հստակ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Հակաիշխանական ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Լուլա դա Սիլվայի հետ՝ աջակցություն հայտնելով նրան և դատապարտելով երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները: Սպիտակ տան տվյալով՝ նա Լուլային հրավիրել է փետրվարի սկզբին այցելել Վաշինգտոն՝ քննարկելու առկա խնդիրները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Բրազիլիայի իշխանություններին անկարգությունների հետաքննության հարցում:
Բրազիլիայի զարգացումներին անդրադարձել է նաև Մոսկվան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան դատապարտում է «Բրազիլիայի ընդդիմության արմատական տրամադրված ներկայացուցիչների գործողությունները»: