ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽԱՐԿՈՎ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Ուկրաինայի արտգործնախարարի ուղեկցությամբ այցելել է արևելյան Ուկրաինա, մասնավորապես՝ Խարկով: Նա նշել է, որ ուկրաինացիները կարող են ապավինել Բեռլինի աջակցությանը, այդ թվում՝ Եվրամիությանն անդամակցության հարցում: Դիվանագետը հավելել է, որ Գերմանիան մտադիր է ռազմական աջակցության նոր փաթեթ տրամադրել Կիևին:
Դմիտրո Կուլեբան Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է Կիևի կոչը՝ Ուկրաինային պետք է տանկեր տրամադրել: Նա հավելել է՝ կասկած չունի, որ Կիևը Բեռլինից ի վերջո կստանա Leopard տանկեր:
Բերբոքի այցից հետո ուշ երեկոյան Խարկովի իշխանությունները հայտարարել են տարածաշրջանում ռուսական ավիահարվածների մասին՝ կոչ անելով բնակիչներին մնալ թաքստոցներում:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԿԻԵՎԻՆ
Թուրքիան սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային զինամթերք է տրամադրում Ուկրաինային: Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Մատակարարումները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից։
Ամսագրի տվյալով՝ տվյալ զինատեսակը նախատեսված է զրահատեխնիկայի ոչնչացման համար։ Ընդ որում, նշվում է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային նման զինամթերք տրամադրել՝ դրանց որակական խնդիրների պատճառով:
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՄՆ, ԿԱՆԱԴԱՅԻ ԵՎ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Մեխիկոյում կայացած հյուսիսամերիկյան եռակողմ գագաթնաժողովի շրջանակում պայմանավորվել են ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները, ակտիվացնել շփումները առողջապահության, անվտանգության և միգրացիոն հարցերում, արմատախիլ անել թմրամիջոցների մաքսանենգությունը: Երեք երկրի ղեկավարները պայմանավորվել են նաև համատեղ ջանքեր գործադրել՝ հաղթահարելու աշխարհում կլիմայական ճգնաժամը: Բայդենը նշել է, որ հարկավոր է ապահովել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգությունը և կանոնակարգել ներգաղթի գործընթացը:
Մեքսիկայի և ԱՄՆ նախագահները նաև դատապարտել են Բրազիլիայում հակաիշխանական անկարգությունները, որոնց հետևանքով արդեն ձերբակալվել է ավելի քան 1500 քաղաքացի:
«ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հունվարի 10-ին Բևերլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» 80-րդ մրցանակաբաշխությունը: «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Ֆաբելմանները» ժապավենը, իսկ Սթիվեն Սփիլբերգն այդ աշխատանքի համար ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ ռեժիսորի ընտանիքի, մանկության և ռեժիսոր դառնալու ճանապարհի մասին:
«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է «Ինիշերինի Բանշիները» ֆիլմը: Ռեժիսոր Մարտին Մակդոնան էլ «Ոսկե գլոբուսի» է արժանացել լավագույն սցենարի համար։ «Ինիշերինի Բանշիները» կինոսերներին հերթական անգամ ուրախացրել է «Բրյուգեում» ֆիլմից հայտնի աստղային կինոդուետով՝ Բրենդան Գլիսոն - Քոլին Ֆարել: Վերջինս էլ հենց ճանաչվել է կատակերգական ֆիլմի լավագույն դերասաններից մեկը:
Դրամատիկական ֆիլմում լավագույն դերասաններ են ճանաչվել Օսթին Բաթլերը «Էլվիս» ֆիլմով և Քեյթ Բլանշեթը «Տար» ֆիլմով: Իսկ մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Պինոկիոն» հաղթել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:
«Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում մրցանակը ստացել է «Վիշապի տունը», իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Էյֆորիա» սերիալի աստղ Զենդեյան:
Մրցանակաբաշխությանը հատուկ ուղերձով նաև հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար և հիշեցրել, որ «Ոսկե գլոբուսի» առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1944 թվականին:
«Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները միլիոնների կյանքեր խլեցին։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: Ուկրաինան վերջ կտա այս ագրեսիային»,- ասել է Զելենսկին: