Գերմանական 12 մետրանոց «Ման» ավտոբուսները մայրաքաղաքի փողոցներում կլինեն նախատեսվածից ավելի շուտ՝ գարնանը: Երևանի ավտոպարկն այս օրերին համալրվում է տրանսպորտային նոր միջոցներով, այդ թվում՝ 8.6 մետրանոց «Ժոնգ թոնգ» ավտոբուսներով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավտոբուսները զննեց, հանձնարարեց ավտոբուսների մաքսազերծումն ու փաստաթղթային հարցերն արագ կազմակերպել:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Ճիշտ է` «Ման» ավտոբուսները պետք է գային 2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին, բայց արտադրությունը բավականին շուտ է տեղի ունեցել, և կարծում եմ՝ մինչև հունվարի վերջ 87 «Ման» մակնիշի 12 մետրանոց ավտոբուսները կգտնվեն Երևանում, նաև մենք 150 հատ 8.6 մետրանոց «Ժոնգ թոնգ»-ներ ունենք, դրանք ներկրվում են, դրանք նույնպես կլինեն Երևանում մինչև ամսվա վերջ և 15 նոր տրոլեյբուսներ:
Քաղաքապետի վստահեցմամբ՝ գարնանը գերբեռնված փոխադրումների խնդիրը լուծված կլինի 60-70 տոկոսով, բարեփոխումների ծրագիրը քաղաքի իշխանությունը նախատեսում է ավարտել առաջիկա երկու տարում: Թե կոնկրետ որ երթուղիների շարժակազմը կփոխվի, դեռ պարզ չէ, պարզ է միայն, որ առաջնահերթ կփոխարինվեն միկրոավտոբուսները, բայց նաև չի բացառվում, որ հանվեն հնամաշ և վատ սպասարկող ավտոբուսները:
Հրաչյա Սարգսյան - Առաջնահերթ այն երթուղիներում, որտեղ որ շարժակազմի պակաս ունենք, ավելացումներ կտանք շարժակազմի, և արդեն երթուղիներ կլինեն, որտեղ մենք փոխարինման ենք ենթարկելու գազելները. կլինեն ավտոբուսներ: Էս պահի դրությամբ շուրջ 300 գազել է աշխատում Երևանում: Տրամաբանությունը լինելու է` այն հոսքերի վրա այս ավտոբուսները կաշխատեն, որոնք բավականին մարդաշատ են:
Հաշվի առնելով «Ման» ավտոբուսների երկարությունը` պատասխանատուները պատրաստվում են դրանք գործարկել երեք և ավելի երթևեկելի գոտի ունեցող փողոցներում: Մրցույթով լուծվել է նաև տեխնիկական սպասարկման հարցը: Առաջին երկու տարում ավտոբուսները պետք է սպասարկեն արտադրող ընկերությունները:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Առաջնահերթ անհրաժեշտ բոլոր տեխնիկական մասերը, այսինքն` արագամաշ դետալները, ներկրվել են, արդեն Հայաստանում են, որ խնդիր չունենանք սպասարկումն իրականացնելու հետ կապված: Մենք ունենք, իհարկե, վարորդներ, որոնք գործուղվել են Լեհաստան, որտեղ կանցնեն վերապատրաստում, նրանք հետ կգան Լեհաստանից և իրենց գործընկերների հետ կիրականացնեն վերապատրաստումը, և ըստ դրա` կսկսեն շահագործվել «Ման» ֆիրմայի ավտոբուսները:
Գերմանական «Ման» ավտոբուսները երեքդռնանի են, աշխատում են օդ գազով: Կարող է տեղափոխել մոտ 90 ուղևոր: Առանձին տեղ է հատկացված նաև գովազդային վահանակների համար:
Հայկ Սարգսյան - Ավտոբուսներն ունեն հատուկ վահանակներ՝ հետևի մասում, կողքերին, որտեղ որ կարող են լինել գովազդներ, այսինքն՝ նախկինի նման ամբողջ ավտոբուսը պատել գովազդով` նման բան չի լինելու, իրենք հատուկ վահանակներ են, որտեղ որ կլինեն սոցիալական գովազդներ հիմնականում:
Շուտով կամփոփվի նաև ավտոբուսների կառավարման կենտրոնի կառուցման մրցույթը, որը նախատեսվում է գործարկել աշնանը: Դրան զուգահեռ` կառավարությունը հաստատել, Ազգային ժողով է ուղարկել նաև օրենսդրական այն փոփոխությունը, որով քաղաքապետարանը հնարավորություն կունենա առանձին մրցույթ հայտարարել և մասնավոր ընկերություններին պատվիրել 18 մետրանոց ավտոբուսների համար ծառայություն: Այդ դեպքում ավտոբուսները մասնավորը կգնի, իսկ քաղաքային իշխանությունը նրան կվճարի երթևեկություն կազմակերպելու համար: Հայտնի է նաև միասնական տոմսային համակարգի մրցույթի արդյունքը: Հաղթել է «Թելսելը», և առաջիկա երկու ամսում ընկերությունը պետք է փորձնական մեկ երթուղում կիրառի նոր համակարգը: