Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է հունվարի 11-ի քառալեզու պաշտոնական տեղեկագիրը՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:
Նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։
«Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, որոնք շարունակվում են մինչ այս պահը:
Ինչ է դա նշանակում:
Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 10-ին երեք հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից արգելափակելու պատճառով ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող հիվանդներին Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխելը առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդության և ուղեկցության դարձել է անհնար։ Նշվածն ապացուցում է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին լիակատար փակ է Արցախում ապրող խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժի համար»,-ասվում է տեքստում։
Այնտեղ նշվում է նաև, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից, սադրիչ բնույթի ապատեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի շրջանում, ինչը հետապնդում է խուճապային տրամադրություններ ստեղծելու և խաղաղ բնակչությանն ահաբեկելու նենգ նպատակ։
Օրինակ՝ հունվարի 9-ից սոցցանցերում տարածվել է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաստատել է, որ այն կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:
Ներկայացված են նաև օրվա վիճակագրական թարմացումները.
1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 114 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,200 մարդ կորցրել է աշխատանքը։
Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: