Ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակությունը կարող է նպաստել լիցենզիա չտրամադրելուն. Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է նախատեսում «Ավիացիայի մասին» օրենքում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց՝ օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս են մնացել առանցքային հարցեր:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Բոլորս հիշում ենք, որ մեզ մոտ ավիաընկերությունը ստացավ օդանավ շահագործողի վկայական, որը օդանավը ՀՀ բերելու փոխարեն այլ ուղղությամբ տարավ, և հետո Կառավարության ջանքերի շնորհիվ էդ օդանավը հետ վերադարձավ իր սկզբնական վայրը, որտեղ պետք է լիներ, և այս տեսանկյունից մենք ունեինք բազմաթիվ կասկածներ, որ շատ փաստեր կային, այդ թվում՝ լրատվական դաշտում, որ այն մարդիկ, որոնք էդ ավիաընկերության հետ կապակցված են, տարբեր գործարքների մեջ են եղել այլ պետություններում:
Առաջարկվող փոփոխություններով Քաղավիացիայի կոմիտեն հնարավորություն կունենա արդեն տրամադրված լիցենզիան դադարեցնել, եթե հիմնավորի, որ մասնավոր ընկերության վատ աշխատանքը կարող է մարդկանց կյանքին, առողջությանը, սեփականությանն ու պետության անվտանգությանը սպառնացող ռիսկեր առաջացնել: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք փոփոխություններից հետո օդանավ շահագործող ընկերությունները պատասխանատվություն կկրե՞ն նաև ուղեբեռների կորստի կամ ուշացման համար:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Վերջերս հաճախակի ականատես ենք լինում, որ չվերթերի ժամանակացույցը փոփոխում են, տվյալ ավիաընկերությունն անտարբեր վերաբերմունք ունի ուղևորների հոգսերի նկատմամբ: Հիմա կցանկանայի հասկանալ՝ սա ո՞ր հատվածում է, որ վատ հեղինակություն ձեռք բերեց և պետք է դադարեցնել աշխատանքն ավիաընկերության հետ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը պարզաբանեց, որ ուղեբեռների կորստի և չվերթերի հետաձգման խնդիրը կարգավորվում է միջազգային և ազգային օրենսդրություններով: Ըստ Արմեն Սիմոնյանի՝ առաջարկվող փոփոխություններն ավելի շատ միտված են արտոնագրի տրամադրմանը:
Արմեն Սիմոնյան - Այս իմաստով հնարավորություն կընձեռվի որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել այդ ընկերությանը, օրինակ՝ օդանավ շահագործողի վկայական տրամադրել, չտրամադրելու կամ արդեն իսկ տրամադրված օդանավ շահագործողի վկայականը կասեցնելու դեպքում, բայց էդ մասով Կառավարության որոշմամբ դեպքերի հստակեցում ենք նախատեսում, որպեսզի դա չկրի հայեցողական բնույթ:
Ոլորտի պատասխանատուները նաև հստակեցրեցին, թե ինչ չափորոշիչներով կարող են տնտեսվարողի գործունեությունը կամ համբավը վատ համարվել: Խոսքը սնանկ ճանաչված կամ միջազգային հետախուզության մեջ գտնվող քաղաքացիների մասին է: Այսինքն՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ, եթե կառավարման խորհրդի անդամներից գոնե մեկն ունի նախկինում դատվածություն, ապա այդ ընկերությանը Քաղավիացիայի կոմիտեն կարող է լիցենզիա չտրամադրել կամ նախկինում ունեցած արտոնագիրը չեղարկել: Նախագիծը դրական եզրակացությամբ ուղարկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ: