Պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում է մարտունակ բանակ ունենալու համար՝ հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալը: Արման Սարգսյանն անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին և հայկական բանակի կարողություններին:
Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - ՊՆ-ն կարող է ասել, ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում հնարավոր դիմակայում տեղի ունենա, և մենք կարողանանք խնդիրներ լուծել, բայց այսօր էլ տարածաշրջանում լարվածության աճը կա՝ աճման միտումով, և վերջին շրջանում չենք ունեցել մի օր, որ լարվածության ֆոնը պահպանված չլինի:
Փոխնախարարը խոսեց նաև սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից և դրա հետևանքներից, նշեց, որ 224 զոհված զինծառայողի մարմինները հանձնվել են հողին, իսկ 3 զինծառայողների գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Արման Սարգսյան - Ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու՝ սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք որևէ խոչընդոտ չունենք հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինը դուրս բերենք տարածքից:
Անհետ կորած 3 անձանց ընտանիքները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից դեռ գումար չեն ստանում. լրագրողների այս պնդմանը նախարարի տեղակալը պատասխանեց՝ գործընթացը ներկայացնելով:
Արման Սարգսյան - Զինծառայողների հիմնադրամի շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի տրցակը ներկայացվում է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, որտեղից էլ ուղարկվում է հիմնադրամ: Անհայտ կորածների պարագայում պետք է հիմքում դրած լինի դատարանի վճիռ՝ անհայտ բացակայող լինելու մասին, որի պրոցեսը արագացնելու համար պետությունը արդեն իսկ իրավական ակտերում կատարել է փոփոխություն, որ դատարանը արագացված ռեժիմով տրամադրի այդ որոշումը:
Կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու նախագծի մշակման դրդապատճառներին անդրադառնալով՝ Արման Սարգսյանն առանձնացրեց կանանց ակտիվությունը մարտական հրաձգության դասընթացներին: Փոխնախարարը հիշեցրեց՝ գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է կամավորության սկզբունքով: