ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է 2023 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման հարցը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ստեղծված իրավիճակում նպատակահարմար չենք համարում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, առնվազն այս տարի»,- հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը և հավելում.
«Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատած՝ 2023 թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների ու ուժերի և միջոցների կազմավորման համատեղ ծրագիրը նախատեսում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունն ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնապես ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին՝ կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն։
Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորված խաղաղապահ զորավարժությունները:
ՀԱՊԿ քարտուղարությունում և միացյալ շտաբում առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (հավաքական ուժերի) մարտական պատրաստության ծրագրերը կատարվեն ամբողջ ծավալով՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց պատրաստվածությունը՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման»: