Պուչչինիի «Տոսկա» օպերան` համաշխարհային աստղերի կատարմամբ հնչեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կոմպոզիտորի գլուխգործոցը ներկայացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Արսեն Սողոմոնյան (տենոր) - Ամեն տարի մենք մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ որոշում ենք ինչ-որ մի բան մոգոնել, մեր մեծ վարպետների գեղեցիկ ստեղծագործությունները կատարել բարձր մակարդակով, լավ որակով, որպեսզի ուրախացնենք մեր հանդիսատեսին, հետևաբար էս անգամ հրավիրեցի, այո, էն կոլեգաներին, էն ընկերներին, էն մտերիմներին, ում հետ ես շատ հաճախ եմ ելույթ ունենում:
Օպերային երգիչն ասում է՝ նախապես փորձ չեն արել, էքսպրոմտ է, քանի որ մեներգիչներից մեկը համերգի նախորդ օրն է եկել, մյուսը՝ հենց համերգի օրը: Օպերային ներկայացումից առաջ միայն փորձել են հասկանալ տեմպը:
Արսեն Սողոմոնյան - «Տոսկան» բոլորիս կողմից շատ սիրված օպերա է, հրաշալի երաժշտություն է, և վերջերս հենց միասին էլի հանդես էինք եկել էս դերակատարումներով: Դրանից առաջ «Օթելլոն» էր, մենք էստեղ ցուցադրեցինք, հիմա «Տոսկան» է, այսինքն՝ էն, ինչ որ մենք ցույց ենք տալիս Եվրոպայում՝ եվրոպացի կամ ռուս հանդիսատեսի համար, ինձ համար անպայման մեծ հաճույք է կիսվել նաև մեր հայ հանդիսատեսի հետ:
Գլխավոր դերակատարուհու՝ Ֆլորիա Տոսկայի դերերգը կատարեց աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոնների մեներգչուհի Հիբլա Գերզմավան: Նրա խաղընկերներն էին միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը, որը մարմնավորեց նկարիչ, Տոսկայի սիրեցյալ Մարիո Կավարադոսիի կերպարը և աշխարհահռչակ բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին՝ Հռոմի դաժան և սառնասիրտ ոստիկանապետ Բարոն Սկարպիայի դերերգով:
Վլադիսլավ Սուլիմսկի (բարիտոն) - Այստեղ գալը ամեն անգամ կարծես տոն լինի, մաետրո Թոփչյանի հետ աշխատելը հիանալի է, գիտի մեղեդային յուրաքանչյուր գծի շարժումը, այն ամենի իմաստը, ինչ կատարվում է, իսկ Պուչչինիի ստեղծագործության մեղեդային գծերը շատ բարդ են:
Օպերայի համերգային կատարմանը մասնակցեցին նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը:
«Տոսկա» օպերայի պրեմիերան կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում, վայրը կանխատեսելի էր, քանի որ գործողությունները կատարվում են հենց Հռոմում: Պրեմիերան մեծ հաջողություն է ունեցել, և արդեն մեկ դարից ավելի է, այն համաշխարհային օպերերային երգացանկի ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից է:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան