«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցության, հարթակի ներդրման, ինչպես նաև ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով:
Քննարկվող նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաև համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ (swis.trade.gov.am)» համակարգի միջոցով: Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցվել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթի պահանջին, համաձայն որի` ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի հերթական նիստում քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: