Հայանիստի ձկնաբուծարաններից մեկում 58 տոննա իշխանի անկումը, նաև ամանորին ցածր գնով փողոցում ձկան վաճառքը պատճառ են դարձել, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում սկսի ձկնաբուծարաններում: ՍԱՏՄ-ն տեղեկություններ էր ստացել, որ այլ ձկնաբուծարաններում ևս անկումներ կան:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Ամբողջ դեկտեմբերի ընթացքում սննդամթերքի անվտանգության Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն այցելել են 27 ձկնաբուծարաններ, և 27-ից, եթե հաշվի չառնենք Լաբլաջյանը, միայն երկուսում են հայտնաբերվել ձկան անկումներ:
Դրանցից մեկում՝ «Վանկա» ընկերությունում, անկումը բավականին քիչ է եղել, ընդամենը տասը կիլոգրամ, «Ֆիշարտ»-ում նոյեմբերին արձանագրվել է ավելի քան 13 հազար, իսկ դեկտեմբերին` 12 հազար կիլոգրամ ձկան անկում: Ըստ ՍԱՏՄ դիտարկումների` «Ֆիշարտ»-ում անկումը դեռ շարունակվում է, սակայն քիչ ծավալներով:
Անուշ Հարությունյան - Այս տարվանից սկսած` էլի վերահսկողությունը շարունակվում է և այդ, և այլ կազմակերպություններում ձուկ արտադրող, բայց այս պահին հայտնաբերվել է անկում միայն այդ երկու ընկերություններում:
Երկու ընկերություններում կատարված նմուշառումների լաբորատոր հետազոտություններով հաստատվել է նույն պատճառը, ինչ Հայանիստի ձկնաբուծարանում էր՝ մանրէաբանական «Աերոմոնաս» հիդրոֆիլիա բակտերիալ հիվանդությունը: Ընկերությունները ՍԱՏՄ-ին տեղեկացրել են, որ անկած ձկների ամբողջ խմբաքանակը ոչնչացրել են թափոնների ոչնչացմամբ զբաղվող մասնագիտացված «Էկոլոգիա» ընկերությունում: Տեսչականը հավաստիացնում է նաև, որ ձկան օրգանիզմում հայտնված հիվանդությունը մարդու առողջությանը վնաս չի կարող պատճառել:
Անկած ձուկը խանութներում չի վաճառվել, հավաստիացնում են ՍԱՏՄ-ում, ինչ վերաբերում է փողոցային առևտրին, ապա դա տեսչականի վերահսկողությունից դուրս է: Նախատոնական օրերին փողոցային առևտուրը վերհսկել են տեղական մարմինները: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել ձկան առևտուրը:
Էդուարդ Ամիրաղյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետի պաշտոնակատար) - Հայտնաբերվել և վերցվել է շուրջ 700 կիլոգրամ ձուկ, որից 45 կիլոգրամը իշխան տեսակի ձկնատեսակ, մնացածը` սիգ. դրանք սահմանված կարգով անցել են լաբորատոր ստուգում ՍԱՏՄ-ի կողմից, որից հետո որոշվել է դրանց ճակատագիրը:
Թեև որևէ խախտում չի գրանցվել, այդուամենայնիվ, պատկան մարմինները ևս մեկ անգամ հորդորում են փողոցից չգնել անհայտ ծագման մթերք: