Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 10-ին գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են կառույցի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:
«Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով, նշանակվել են ՆԳ նախարար, նախարարի տեղակալներ և ըստ օրենսդրական փաթեթի գործընթացն առաջ է գնում»,- ասել է ԱԻ նախարարը:
Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻ նախարարի արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ Դավիթ Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը:
Բացի դրանից՝ Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին՝ անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ: «Տարբեր մարտահրավերներով պայմանավորված՝ փրկարար ծառայության բարեփոխումներն իհարկե ավարտին դեռ չեն հասցվել, սակայն այն, ինչ այսօր կա, նաև Արմեն Գասպարյանի աշխատանքի շնորհիվ է: Նա պատշաճ իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը:
Նախարար Փամբուխչյանը նշել է, որ բոլոր ծրագրերի իրականացումը նախարարությունում հնարավոր է եղել բոլոր ստորաբաժանումների համակարգված, գրագետ աշխատանքի շնորհիվ և մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։
Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ հավատարիմ է մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանի հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար: «Որպես քաղաքական թիմի մաս պարտավորություն ունեմ իմ լուման ներդնել բոլոր ինստիտուտների զարգացման գործում, այդ թվում՝ նոր ձևավորվող»,- հավելել է ԱԻ նախարարը: