Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի չափը հուլիսի մեկից մի քանի անգամ բարձրանալու է: Ֆինանսների նախարարության մշակած նախագիծն արդեն օրենքի տեսք ունի, պատասխանատուն ասում է՝ փորձում են գործնականում պայքարել տարիներով ձգվող շինարարության ու անավարտ կիսակառույցների դեմ:
Օրի Ալավերդյան (ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ) - Գործող շինարարարական թույլտվությունների մասով ոչինչ չի փոխվի` այն առումով, որ քանի ինքը իր ժամկետում է, և շինարարությունը շարունակվում է, դեռ ժամկետնանց երևույթներ չկան, էդ տնտեսվարող սուբյեկտները որևէ բեռի տակ չեն լինի, բայց այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նոր կգնան շինթույլտվության ստացման կամ կերկարաձգեն հուլիսի մեկից հետո, կվճարեն տեղական տուրքեր նոր դրույքաչափերով:
Ալավերդյանը վստահ է՝ խստացումը բավարար է, որ շինարարները շահագրգիռ լինեն գործն առաջին ժամկետում ավարտելու համար: Օրենքը տարածվելու է Երևանում բոլոր տիպի շենք-շինությունների վրա, մայրաքաղաքից դուրս՝ միայն բնակելի շենքերի, հասարակական և արտադրական շինությունների, բայց ոչ բնակելի տների: Իսկ ահա սահմանամերձ համայքներն այս նոր կարգավորման տակ չեն ընկնի: Ֆիննախի պաշտոնյայի խոսքով՝ բացի տեղական տուրքի չափի ավելացումից, կգործի նաև գոտիավորման գործակից:
Օրի Ալավերդյան - Այսինքն` օրինակ, անհատական բնակելի տան, որը մինչև 300 քմ շինարարություն է ենթադրում, թույտվության դեպքում դրույքաչափի նոմինալ բեռը` 15 հազար դրամը, չի փոխվում, բայց ավելանում են գոտիավորման գործակիցներ, իսկ երկարաձգումների հետ կապված` նվազագույնը երկու անգամ տեղական տուրքի դրույքաչափի ավելացում է լինելու:
Սա` անհատական բնակելի տան դեպքում, բեռի էական ավելացումը կզգան բազմաբնակարանների կառուցապատողները, ասում է Ալավերդյանը, փաստում, որ խնդիրը հատկապես մայրաքաղաքում հենց այդ ոլորտին է առնչվում: Գործը կարգ ու կանոնով անելու համար կավելանա առաջին անգամ շինթույլտվություն ստանալու տուրքը, ավելի խիստ՝ կրկնապատկված դրույքաչափ կգործի երկարաձգման դեպքում:
Նախագծի՝ խորհրդարանական քննարկումների փուլում որոշվել է, սակայն, ավելի մեղմ մոտեցում ցույց տալ օրինապահ կառուցապատողների նկատմամբ: Ըստ Օրի Ալավերդյանի` եթե շենքն 80 տոկոսով պատրաստ է, ու շինարարն առաջին անգամ դիմի դրա ժամկետը երկարաձգելու համար, կվճարի դրույքաչափի կեսը: Պաշտոնյան բացատրում է՝ պատերազմն ու քովիդն իրոք ազդել են շինարարության տեմպի վրա, և օբյեկտիվ պատճառով ժամկետում չտեղավորված կառուցապատողի նկատմամբ պետք է չկիրառվի նույն՝ խիստ մոտեցումը: