Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 անձ՝ հարազատների և բժիշկների ուղեկցությամբ, Արցախից տեղափոխվել է Հայաստան: Միջազգային մարդասիրական կառույցն այս պահին Հայաստանն Արցախին կապող միակ օղակն է: Իրավիճակի ստեղծման առաջին օրից կոմիտեն՝ որպես չեզոք միջնորդ, ըստ Զառա Ամատունու, առաջարկել է իր ծառայությունները՝ Լաչինի միջանցքով մինչև այսօր տեղափոխելով 18 հիվանդի:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - 18 հոգու թվում էին նաև 2 օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք՝ ուղեկցող հարազատների հետ:
Մարդասիրական օգնությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցուցաբերում է՝ արձագանքելով պատկան մարմինների ներկայացրած դիմումներին ու կարիքներին: Զառա Ամատունու խոսքով՝ նրանց հետ գտնվում են պարբերական կապի մեջ, քննարկում բոլոր տեսակի մարդասիրական հարցերը:
Ամատունին անդրադարձավ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի ներկայացուցչության մոտ նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիային. Կարմիր խաչի Արցախի անձնակազմն ընդունել է ակցիայի մասնակիցներին:
Զառա Ամատունի - Հիմնականում մարդասիրական հարցերում ունենալ ավելի ընդլայնված լուծումներ, օգնել ներկրել սնունդ, դեղորայք, ինչի պակասը զգում են: Հասկանում ենք, որ վիճակը ծանր է, մարդկանց համար հեշտ չէ: Մեր ներկայացուցիչներն ընդունել են, քննարկել, ներկայացրել աշխատանքի էությունը, դերը: Որպես մարդասիրական կազմակերպություն՝ մեր դերն ունենք՝ փորձելու մեղմել իրավիճակը, քանի դետ չկա խնդրի կայուն լուծում: Անկախ բողոքի ակցիայից՝ հարցերը մշտական քննարկման թեմա են:
Արցախում հունվարի 6-ից Կարմիր խաչի թիմերը հիվանդանոցներին, մանկատան, տարեցների խնամքի հաստատություններին են փոխանցել սննդի փաթեթներ:
Զառա Ամատունի - Մեր հետադարձ ճանապարհին տեղափոխությունից հետո բուժառուներին դեկտեմբերի 24-ին մեր մեքենաներից մեկը բեռնվել է դեղորայքով, որը Հայաստանից տեղափոխվել է, Լաչինի միջանցքով հասցվել տեղական բուժհաստատություններ: Հայաստանից է տեղափոխվել՝ մեր միջնորդությամբ: Հաջորդ օրը՝ էլի մեզ չպատկանող, կազմակերպել ենք տեղափոխումը և ապա բաշխումը տեղական բուժհաստատություններին՝ սննդի, մանկական սննդի, դեղորայքի պաշարները: Սա, իհարկե, բավարար չէ բնակչության առաջնային կարիքների համար:
Ամատունին ընդգծում է՝ շարունակում են կապի մեջ լինել պատկան մարմինների հետ՝ արձագանքելու ներկայացվող կարիքներին: Կառույցի ներկայացուցիչները շարունակում են պարբերական այցերը նաև Ադրբեջանում պահվող հայերին: Հերթական տեսակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերին: 2020-ից ի վեր դեռևս 33 անձ գերության մեջ է: