Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման՝ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած ծրագրին և աշխատում է այդ ուղղությամբ։
«Իհարկե, մեր նպատակը տևական խաղաղությունը և փոխադարձ ընդունելի լուծումն է: Այս պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, և որքան շուտ կարողանանք դա գիտակցել, այնքան լավ»,- ասել է դիվանագետը։
Ուկրաինայի նախագահի՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը հետևյալն է՝ միջուկային, էներգետիկ և պարենային անվտանգություն, գերիների ազատ արձակում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, աշխարհակարգի, ինչպես նաև արդարության վերականգնում, ռուսական զորքերի դուրսբերում, էկոցիդի և հետագա էսկալացիայի կանխում, ռազմական գործողությունների դադարեցման արձանագրում։
Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Մոսկվան նշում է՝ «խաղաղության ցանկացած ծրագիր» պետք է հաշվի առնի նաև նոր իրողությունները, մասնավորապես՝ հանրաքվեների արդյունքում Ռուսաստանին ուկրաինական նոր շրջանների միացումը։