Թուրքիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Մուստաֆա Շենթոփի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Իրան խորհրդարանի նախագահը հերթական անգամ շեշտել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում քաղաքական աշխարհագրության և սահմանների ցանկացած փոփոխության:
Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում կայունությունը կախված է տարածաշրջանի երկրների մտերմությունից և գործակցության դինամիկայից: Ղալիբաֆը նաև հավելել է, որ ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն Հարավային Կովկասի գործերին:
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ առկա խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով՝ բացառելով ցանկացած արտաքին միջամտություն: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ Շենթոփը նշել է, որ Անկարան, մի կողմից, աջակցում է և շարունակելու է աջակցել Ադրբեջանին, մյուս կողմից էլ Հայաստանի հետ կարգավորման գործընթաց է սկսել։ Սահիբա Գաֆարովան էլ ընդգծել է, որ Ադրբեջան-Իրան շփումները նպաստում են տարածաշրջանում կայունության հաստատմանը: Նա նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված՝ Ադրբեջանի տեսլականը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տրանսպորտային և էներգետիկ ոլորտներոում գործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում կամ Բաքվում։
ՓՐԱՅՍԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալման և կալանավորման կապակցությամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց։ Կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հաշվի առնել քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ եղանակով կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ
Բրազիլիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են: Ակցիայի մասնակիցները դեմ են հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին և երկրի ղեկավարի պաշտոնում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ընտրվելուն: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Այժմ ցուցարարներն ապամոնտաժում են մայրաքաղաքի գլխավոր հրապարակում կառուցված վրանային ճամբարը:
Բոլսոնարուն դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները՝ դրանք որակելով «հակաօրինական»: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այժմ նա գտնվում է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում։ Նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման պատճառների մասին հստակ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Հակաիշխանական ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Լուլա դա Սիլվայի հետ՝ աջակցություն հայտնելով նրան և դատապարտելով երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները: Սպիտակ տան տվյալով՝ նա Լուլային հրավիրել է փետրվարի սկզբին այցելել Վաշինգտոն՝ քննարկելու առկա խնդիրները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Բրազիլիայի իշխանություններին անկարգությունների հետաքննության հարցում:
Բրազիլիայի զարգացումներին անդրադարձել է նաև Մոսկվան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան դատապարտում է «Բրազիլիայի ընդդիմության արմատական տրամադրված ներկայացուցիչների գործողությունները»:
ՊԵՐՈՒՈՒՄ ՎԵՐՍԿՍԵԼ ԵՆ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԸ
Պերուում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Խուլյակա քաղաքում ոստիկանների հետ բախումների ժամանակ 10-ից ավելի մարդ է զոհվել, շուրջ 40-ը՝ վիրավորվել։
Պերուի մի շարք քաղաքացիներ պահանջում են ազատ արձակել դեկտեմբերի սկզբին ձերբակալված նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին, որը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկության ընդառաջ ցրել խորհրդարանը։ Կաստիլյոն մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու համար։ Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև նորընտիր նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը։
ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում: Հունվարի 8-ից Նահանգում փոթորիկների և ջրհեղեղների պատճառով ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է, կան զոհեր: Տեղական իշխանությունների հրամանով՝ Կալիֆոռնիայի 17 շրջանում զանգվածային տարհանում է իրականացվում: Լրատվամիջոցների տվյալով՝ փոթորիկը շարժվում է դեպի հարավ, սողանքների և ջրհեղեղների վտանգը մեծ է Լոս Անջելեսում և Վենտուրայում: