ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ՝ աջակցություն հայտնելով նրան և դատապարտելով երկրի մայրաքաղաքում անկարգությունների ընթացքում տեղի ունեցած բռնությունը:
«Նախագահ Բայդենը նախագահ Լուլային հրավիրել է փետրվարի սկզբին այցելել Վաշինգտոն՝ ընդհանուր հարցերի լայն շրջանակի շուրջ խորացված խորհրդակցություններ անցկացնելու համար, և նախագահ Լուլան ընդունել է այդ հրավերը»,- տեղեկացրել են Սպիտակ տնից:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է քննարկել Բրազիլիայի իշխանությունների ցանկացած խնդրանք՝ անկարգությունների հետաքննության հարցում օգնություն ցուցաբերելու համար:
Բրազիլիայի զարգացումներին անդրադարձել է նաև պաշտոնական Մոսկվան: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը լիակատար աջակցում է նախագահ Լուլա դա Սիլվային և դատապարտում է Բրազիլիայում տեղի ունեցած անկարգությունները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորել է բրազիլացի գործընկերոջը: «Մենք նախկինի պես բարձր ենք գնահատում պարոն դա Սիլվայի ջանքերը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Պեսկովը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ էլ նշվում է, որ Մոսկվան վճռականորեն դատապարտում է «Բրազիլիայի ընդդիմության՝ արմատական տրամադրված ներկայացուցիչների գործողությունները»: