Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչյնի միջանցքը բացելու հարցում»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ նա հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավարություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։
«Հայտարարության 6-րդ կետում ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Կարծում ենք, որ այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում և մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող։
ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը. դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Ճիշտ է, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրությունից հետո»,- ասաց Փաշինյանը։
Սրանից առաջ էլ Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարությամբ ստանձնած ինչ-որ պարտավորություններ չի կատարել։ Դա բացարձակապես մտացածին է։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ Ադրբեջանի կողմից կատարվել է, օրինակ՝ գերիների վերադարձը և այլն։ Արդեն նշել եմ նաև՝ ի հեճուկս նրան, որ եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը, բայց, օրինակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում՝ Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք մինչ օրս որևէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալու իրենց տներ։