Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցին։
«Հայաստանի Հանրապետության ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը։ Մենք նույնպես հարցն ընկալել և ընկալում ենք այդպես։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային օրակարգը ՌԴ-ի հետ եղել է հետևյալը, որ մենք մտահոգություններ ունենք, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, արդյունքում ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների և գործընկերների համար։
Երբ 2021 թվականի մայիսին տեղի ունեցան Սոթք-Խոզնավար հատվածի հայտնի իրադարձությունները, ներխուժումը ՀՀ տարածք, մենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ մեր գործընկերներից և անվտանգային ոլորտի մեր գործընկերներից։ Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն։ Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք։ Շատ կարևոր է դարձել այդ հարցի պատասխանը հետագա հարաբերությունների կառուցման համար։ Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ պետք է հասկանալ և ի ցույց դնել, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀԱՊԿ-ում։
Վարչապետն անդրադարձավ այլ խնդրի ևս։
«Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ. ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանը և Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, ահա, մենք կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում։ Բոլորս էլ գիտենք, որ աբսուրդ է դրա մասին խոսելը, բայց, մյուս կողմից, նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում, և Ադրբեջանն այդ նպատակով էլ Արևմուտքում այդ խոսույթն է զարգացնում։
ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձանագրում, որ նրանց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։ Մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը»,- ասաց Փաշինյանը։