Արցախը սնուցող Հայաստանի միակ էլեկտրագիծը Աղավնո-Բերձոր հատվածում վթարվել է: Սարքերն արձանագրել են, որ վթարը Գորիս-Ստեփանակերտ օդային բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում է:
Տիգրան Գաբրիելյան («Արցախէներգո» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ) - Վթար է, թե այլ միջամտություն՝ դժվար է ասել, քանի որ մենք այս պահին հնարավորություն չունենք այցելել վթարի վայր, որպեսզի տեղազննում իրականացվի կամ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացվեն:
Վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար ադրբեջանական կողմի հետ երեկվանից բանակցում են ռուս խաղաղապահները: Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, սակայն, առայժմ Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական արտադրող կայանների միջոցով, բայց առկա հզորությունը չի բավարարում ամբողջ պահանջարկը, ասում է «Արցախէներգո» ընկերության փոխտնօրենը:
Տիգրան Գաբրիելյան - Իրականացնում ենք հովհարային անջատումներ հանրապետության ողջ տարածքում՝ այս պահին դեռևս երկու ժամանոց գրաֆիկով: Գրաֆիկները հրապարակում ենք և մեր կայքով, և հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի մարդիկ նախապես իմանան, թե որ ժամին են առանց հոսանք լինելու:
Մինչև Գորիս-Ստեփանակերտ էլեկտրագծի վերականգնումը Արցախում էլեկտրաէներգիայի խնայողությունը միակ տարբերակն է, նշում են պատասխանատուները, հակառակ դեպքում էլեկտրամատակարարման լրացուցիչ անջատումներն անխուսափելի են: