Բրազիլիայի մայրաքաղաքում ապամոնտաժել են նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների վրանային ճամբարը, ձերբակալվել է մոտ 1500 մարդ: Իշխանությունները փորձում են պարզել վարչական շենքերի վրա հարձակումների մասնակիցներին։
Հունվարի 8-ին հազարավոր ցուցարարներ փորձել էին գրավել նախագահի նստավայրը՝ Պլանալտուի պալատը, Գերագույն դատարանը, Ազգային կոնգրեսը: Ժաիր Բոլսոնարուն դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները՝ կողոպուտներն ու հասարակական շենքերի ներթափանցումը որակելով «սահմանված կարգի խախտում»: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին նախագահը գտնվում է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում։
Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և երկրի ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ ստորագրել են համատեղ հայտարարություն «ժողովրդավարության պաշտպանության համար»՝ ի նշան բողոքի Բոլսոնարոյի կողմնակիցների կողմից կառավարական շենքերի վրա հարձակման դեմ:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Լուլա դա Սիլվան հաղթել է հոկտեմբերի 30-ին Բրազիլիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,9 տոկոսը: Երկրի այդ ժամանակվա գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուի օգտին քվեարկել է ընտրողների 49,1 տոկոսը: Դա Սիլվայի երդմնակալությունը տեղի է ունեցել 2023 թ. հունվարի 1-ին։