«Հայաստանն ուզի, թե չուզի՝ «Զանգեզուրի միջանցքն» ամեն դեպքում կյանքի կկոչվի», այսօր ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևի հայտարարությունն է:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Սա ռազմավարական նախագիծ է ոչ միայն մեզ համար, այլև մի քանի հարևան երկրի համար: Այն արտացոլված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա, որովհետև ես հետո եմ այդ տերմինը աշխարհաքաղաքական լեքսիկոն մտցրել, սակայն հայտարարության մեջ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև պետք է տրանսպորտային կապ լինի, և դա պետք է ապահովի Հայաստանը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր հայկական կողմը երկու տարվա ընթացքում որևէ պարտավորություն չի կատարել: Նա Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողելու համար՝ նշել, թե Երևանը փորձում է ժամանակ շահել:
Իլհամ Ալիև - Հայաստանն ամեն կերպ փորձում է Ղարաբաղի թեման ներառել հնարավոր խաղաղության պայմանագրում՝ փաստացիորեն արգելափակելով գործընթացը: Որքան շուտ խաղաղության պայմանագիր կնքեն, այնքան լավ նրանց համար: Մենք մտադիր չենք երրորդ պատերազմը սկսել Հայաստանի հետ, բայց եթե իրական վտանգ տեսնենք, ապա հնարավոր բոլոր միջոցներով կչեզոքացնենք այդ սպառնալիքը։
Ալիևն անդրադարձել է նաև իր մեկ այլ առավելապաշտական թեզի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին»: Նրա պնդմամբ` ադրբեջանական համայնքը ժամանակին վտարվել է Հայաստանից:
Իլհամ Ալիև - Ստեղծվել է աշխատանքային խումբ: Իմ ցուցումների և տարբեր առաջարկների հիման վրա սկսվել են վերադարձի կոնցեպտի շուրջ աշխատանքները: Արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք: Դա նրանց իրավունքն է, և ադրբեջանական պետությունը պետք է անի ամեն բան՝ դրա իրացման համար:
Ալիևը նաև մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը տարբեր երկրներից սպառազինություն է ձեռք բերում: Նա առանձնացրել է Հնդկաստանը՝ շեշտելով` Նյու Դելիի նման քայլը Բաքուն ոչ բարեկամական է համարում:
Ադրբեջանի նախագահի համոզմամբ` 2023 թվականը շատ բան կհստակեցնի, ըստ նրա` չնայած պատերազմն ավարտվել է, պայքարը շարունակվում է։