Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Էկոնոմիկայի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Շարունակվել են Էկոնոմիկայի նախարարության գերակա ծրագրերի, ոլորտային բարեփոխումների ընթացքի և կատարված միջոցառումների վերաբերյալ զեկուցումները:
Նշվել է, որ մշակվել են թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների հայեցակարգերը, մինչև 2023 թ. առաջին կիսամյակի ավարտը կընդունվեն նաև ռազմավարությունները: Միևնույն ժամանակ, ներկայացվել են տնտեսության այս ճյուղերի զարգացմանն ուղղված քայլերն ու ներդրումային ծրագրերը:
Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները Կառավարության ղեկավարին զեկուցել են տնտեսական կարողությունների արդիականացման (պորտֆելն այս պահի դրությամբ` 42 մլրդ ՀՀ դրամ) և արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելու ծրագրերի ընթացքի մասին, ներկայացրել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները: Վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու և պետական օժանդակության գործիքակազմի շարունակական կատարելագործման վրա: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է պետական կառավարման համակարգի կարողությունների զարգացման և ֆինանսական գրագիտության բարձրացման ծրագրերի իրականացումը:
Ներկայացվել են արտահանման խթանման, տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտահանման ապահովագրության ուղղություններով կատարված աշխատանքները, մտքեր են փոխանակվել հետագա քայլերի շուրջ: Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների մասով նշվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին ակնկալվում է ավարտին հասցնել գործընթացը: Հաջող իրականացվում են ինտենսիվ այգեգործության ծրագրերը, գյուղապահովագրության ծրագիրը, 2023 թ. նախատեսվում է մեկնարկել տնկանյութի հավաստագրման գործընթացը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնկիների հավաստագրման ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ձևավորել համապատասխան կարողություն և համակարգ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև արոտավայրերի հասանելիության բարձրացման հետ կապված հարցերին՝ հանձնարարելով գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել ձկնաբուծության ոլորտում վերջին շրջանում արձանագրված անկումների, ռիսկերի կառավարման և ձեռնարկվող քայլերի մասին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խստիվ կիրառել վերահսկողության մեխանիզմները և հետևողական լինել ստանդարտների պահպանման հարցում: Քննարկման առարկա են դարձել նաև կոնյակագործության, խաղողի մթերման գործընթացները, սպանդանոցների գործունեության հարցերը:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի ու բարեփոխումների մասին: