Միջազգային կառույցներ, պարբերականներ, հեռուստաընկերություններ, ճանաչում ունեցող խմբագիրներ, լրագրողներ, գրողներ՝ շարունակում են ահազանգել՝ կեղծ էկոակտիվիստները Արցախը արդեն մոտ 1 ամիս պահում են շրջափակման մեջ, 120 000 մարդ մատնված է սովի, զրկված բժշկական և այլ ծառայություններից` այն դեպքում, երբ ինքնակոչ բնապահպանները փակված կյանքի ճանապարհին համերգներ են կազմակերպում:
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը հերթական գրառման մեջ տեսանյութերով, լուսանկարներով ներկայացնում է կեղծ բնապահպանների վերաբերյալ նոր բացահայտումներ:
Լինդսի Սնել. «Ինչպե՞ս են ադրբեջանցի «բնապահպանները» կազմակերպում հերթափոխը Լաչինի միջանցքում: Որտե՞ղ են քնում: Գետնի՞ն, որտեղ ցույց են անում: Իհարկե՝ ոչ: Նրանց բերում են ավտոբուսներով, հերթափահում են իրենց հասանելիք ժամանակահատվածում և Շուշիի հյուրանոցներից մեկում: Մեծ մասը, կարծես թե, մնում են մինչև 3 օր: Այստեղ պատկերված «ակտիվիստներից» մի քանիսը Ադրբեջանի զինծառայողներ են»։
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ . ԼՐԱԳՐՈՂ
Պաբլո դել Ամո (լրագրող) - Զարմանալի է միջազգային լռությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ:
Սա արդեն մեկ այլ լրագրողի, որը նաև համակարգում է իսպանական «Պատերազմի վերծանում» (Descifrando la Guerra) նախագիծը, Պաբլո դել Ամոյի հերթական անդրադարձն է.
120.000 մարդ տառապում է սննդի և դեղորայքի պակասից, որը հղի է հումանիտար ճգնաժամով
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ
Ադրբեջանական շրջափակման հետևանքով արցախցի հարյուրավոր երեխաներ մնացել են առանց ծնողական խնամքի։
«New York Times»-ի սյունակի հեղինակ Նիկոլաս Քրիստոֆն է Twitter-ի իր միկրոբլոգում գրել, նշել, որ Ադրբեջանը արդեն չորս շաբաթ է, ինչ արգելափակում է հայերի միակ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ստեղծելով մարդասիրական և դիվանագիտական ճգնաժամ։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻՆ
Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոն իր միկրոբլոգում պարբերաբար առանձին գրառումներով անդրադառնում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, նաև Լը ֆիգարո ամսագրի հոդվածներն է տարածում:
Ի դեպ, Լը Ֆիգարոն և Եվրանյուզը անդրադարձել են նաև դեկտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին, որից Բաքուն սրտնեղել էր:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իշխանությունների կողմից հսկվող Մամուլի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ այդ գործակալությունների հրապարակումները որակելով կողմնակալ։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ՝ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ալիևը որոշել է թուրք սուլթան Էրդողանի աջակցությամբ ձեռք դնել Հայաստանի վրա, և այս ամենը` համընդհանուր անտարբերության պայմաններում»,- Ֆրանսիական Լը փոինթ պարբերականի հոդվածից է մեջբերումը, որտեղ անդրադարձ կա Ալիևի վերջին հայտարարություններին.
«Ադրբեջանցի սատրապ Ալիևը որոշել է Հայաստանը վերանվանել ... «Արևմտյան Ադրբեջան»։ Ինչ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքին, ապա, ըստ նրա, ի տարբերություն պատմության ապացույցների` այն «ադրբեջանական քաղաք է»։ Անհնար է նրա մտադրություններն ավելի պարզ նկարագրել, քան դա անում է ինքը»:
ԴԱՏԱՐԿ ԽԱՆՈՒԹՆԵՐՆ ՈՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՃՆՇՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ. BBC
«Լեռնային Ղարաբաղ. Դատարկ խանութներն ու շրջափակումը ճնշում են մարդկանց»,- գրում է BBC-ն.
«Ադրբեջանական հեռուստաալիքներն իրենց լրատվական թողարկումներում դեպքի վայրից ուղիղ միացումներ են անում: Մի երկրում, որտեղ զանգվածային ցույցերը արագորեն ճնշվում են, Լաչինի ճանապարհի շրջափակումը կարծես թե վայելում է իշխանությունների լիակատար աջակցությունը»։
Թեմայի վերաբերյալ CNN-ի հրապարակման մեջ ևս ընդգծվում է՝ «այսպես կոչված «բնապահպան-ցուցարարները» Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, այդ երկրում ցույցերն անօրինական են համարվում, քանի դեռ դրանք չեն արժանանացել կառավարության հավանությանը»:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԲՌՆԱՊԵՏ Է. BILD
Այս խարդախ մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մղում. Գերմանական ամենամեծ օրաթերթի՝ Bild-ի հրապարակումն է՝ Ադրբեջանից ԵՄ էներգակիրների մատակարարումների մասին: Պարբերականը նշում է.
«Ադրբեջանի նախագահ Ալիևը կռվում է, մարդկանց զրկում լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան գովում է որպես «հուսալի գործընկերոջ»: Ռուսաստանն այլևս մեզ նավթ ու գազ չի մատակարարում, սակայն դրանից էներգակիրների ներմուծումը բարոյապես ավելի մաքուր չի դարձել: Ընդհակառակը՝ Եվրամիության այս նոր գործընկերը բռնապետ է»:
ԵՐԳԻԾԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ՀՈԴՎԱԾԸ՝ ԱՀԱԶԱՆԳ
Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիական հայտնի երգիծական Charlie Hebdo ամսագրի ոչ հոդվածը, ոչ էլ ծաղրանկարը երգիծական չէին: Հեղինակ Ժան-Իվ Քամյուն նշում է, որ հոդվածը ահազանգ և քայլեր ձեռնարկելու կոչ է։ Ուղերձը մեկն է. «Թույլ մի տվեք, որ Ուկրաինայի պատերազմի ստվերում տեղի ունենա այն հանցագործությունը, որը կարող է հանգեցնել Հայաստանի և ԼՂ-ի անհետացման»:
ԲԱՅԴԵՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ. THE DAILY BEAST
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իր ներդրումը Հայոց մեկ այլ ցեղասպանության՝ ամերիկյան The Daily Beast-ը այսպիսի վերնագրով մեծ վերլուծական է հրապարակել.
«Ամանորյա արձակուրդները պետք է լինեն զվարճանքի ժամանակաշրջան, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերի համար ամեն օրը գոյատևման պայքար է:
Երբ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2021 թվականին, նա խոստացավ «վերահաստատել մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում: Այժմ, երբ Հայոց ցեղասպանության ժառանգությունը կրկին բարձրացնում է իր գլուխը, ԱՄՆ-ը հնարավորություն ունի կատարել այդ խոստումը կամ ցույց տալ, որ «այլևս երբեք»-ը դարձել է ոչ այլ ինչ, քան դատարկ կարգախոս»:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԻ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Իսկ այդ մտահոգությունները հիմնավոր են: Դա հաստատում է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը՝ 2022 թվականի ամփոփիչ զեկույցում.
«Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկ տասնամյակից ավելի առաջ է մղում հայերի ցեղասպանության գաղափարախոսությունը՝ ադրբեջանցիներին ներշնչելով հայատյացություն, որն արտահայտվում է բռնությունների և վայրագությունների միջոցով»:
Ինստիտուտը շեշտում է՝ Ադրբեջանը պետք է պատժվի, պետք է դադարեցվի նրան տրամադրվող ռազմական առաջկցություն, իսկ Լաչինի միջանցքում անհրաժեշտ է տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր՝ հայերին պաշտպանելու և ազատ տեղաշարժն ապահովելու համար:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 000 ՄԱՐԴ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ Է. ԱՔՉԱՄ
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն անդրադարձել է նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
Թաներ Աքչամ - Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան