Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ երկու սահմանամերձ բնակավայրում ապաստարան կկառուցվի: Արտակարգ իրավիճակների նախարարությունում մշակվում են նախագծերը:
Դավիթ Համբարյան (ՀՀ ԱԻ նախարարի նախկին տեղակալ) - 2023թ.-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում՝ համայնքում, կկառուցվի առաջին նման կառույցը, և նախնական պայմանավորվածությամբ` 2024թ.-ին Սյունիքի մարզի Որոտան համայնքում կկառուցվի երկրորդը: Գաղափարն այն է, որ լինի տիպային օրինակ, մշակված, հաստատված բոլորի կողմից, որը հետագայում արդեն, անկախ նրանից՝ ինչ ֆինանսավորմամբ կլինի շարունակությունը կամ ում կողմից կիրականացվի, արդեն տիպային ճանապարհով մենք գնանք:
Համայնքներն ընտրելուց առաջ դիտարկվել են այն սահմանամերձ բնակավայրերը, որտեղ կրթական հաստատություններից ոչ բոլորն ունեն նկուղային ապաստարաններ: Կառուցվող ապահով սենյակները մոտ են լինելու դպրոցներին, բայց հաշվի է առնվելու ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը:
Դավիթ Համբարյան - Անհրաժեշտություն կա այս ծրագիրն ընդլայնելու հետագայում, բայց դրա համար նաև պետք է ևս մեկ անգամ կարիքների գնահատում արվի, և բոլոր առկա հնարավորությունները պետք է ուսումնասիրվեն, համեմատվեն, որպեսզի մենք հստակ ունենանք այն ցանկը հետագայի համար, որտեղ անհրաժեշտ է ունենալ նման կառույցներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել երկու նոր ապաստարանները՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ՝ տաք իրեր, գեներատորներ, հիգիենայի պարագաներ և այլն:
Վիգեն Շիրվանյան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի ղեկավար) - Քննարկվեց մոդելային թաքստոցների, ապահով սենյակների հարցը, և ՅՈւՆԻՍԵՖ-ը հանձնառություն վերցրեց դրանց ապահովել բովանդակային մասով՝ անհրաժեշտ գույքով, ծրագրային մասով և հատկապես այն հատվածով, որն առնչվում է երեխաներին:
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցներն այցելել են սահմանային բնակավայրեր, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային իշխանությունների, բնակիչների հետ:
Վիգեն Շիրվանյան - Դրա արդյունքում մենք վերջին շրջանում նաև միջամտություն ունեցանք ապահով սենյակների գույքի և պարագաների ապահովմամբ՝ դրանք ցուցակագրվեցին հենց այս մարդկանց հետ հանդիպումների արդյունքում:
Վերջին երկու տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը 16 խոշորացված համայնքի 110 դպրոցում աղետների ռիսկերի կառավարման պլաններ է մշակել, առաջին օգնության դասընթացներ և արտակարգ իրավիճակների արձագանքման վարժանքներ անցկացրել: Հոկտեմբերից Սյունիքում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը, որի առաքելությունն է՝ ոչ միայն տեղում ծանոթանալ խնդիրներին, այլև նոր նախաձեռնությունների սկիզբ դնել:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան