ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Իրանի խորհրդարանի նախագահը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստին: Մոհամմադ Ղալիբաֆը տեղեկացրել է, որ նիստի շրջանակում հանդիպելու է Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերների հետ: Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայունությունը կախված է տարածաշրջանի երկրների գործակցության դինամիկայից:
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և սահմանների ցանկացած փոփոխության։
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա և Սիրիա: Նախատեսվող այցերի ժամկետների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Ռայիսին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Էրդողանի հրավերով: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ տեղեկացրել էր, որ Ռայիսին ավելի վաղ պետք է այցելեր Թուրքիա, սակայն մի շարք պատճառներով այցը հետաձգվել է:
Նասեր Քանանին անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան գործակցությանը, նշել՝ երկու երկրի հարաբերությունները պահպանվում են՝ չնայած որոշ թյուրըմբռնումների: Իրանի արտգործնախարարության խոսնակը համոզմունք է հայտնել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտության և բանակցությունների միջոցով:
«Ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ դրական քայլեր կատարել է։ Իրանը ևս կշարունակի համապատասխան ջանքեր գործադրել»,- ընդգծել է Քանանին:
ԻՐԱՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին արձագանքել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հայտարարությանը, թե Իրանը անկայունություն է սփռում Մերձավոր Արևելքում։ Մուսավին նշել է, որ Թեհրանին անհանգստացնում է մի շարք ոլորտներում Ադրբեջան-Իսրայել գործակցությունը, և իրանական կողմը զգուշացրել է Բաքվին այդ հարաբերությունների խորացման հետևանքների մասին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Իսրայելի դեմ հակամարտության դաշտ դառնալ։ Մուսավիի խոսքով՝ Իսրայելը կզղջա Թեհրանի հարևաններին մոտենալու և Իրանի անվտանգությանը սպառնալու համար:
ԱՄԵՆԱԹԵԺ ՄԱՐՏԵՐՆ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԴՈՆԵՑԿՈՒՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ամենթեժ մարտերն այժմ ընթանում են Դոնեցկում, մասնավորապես Բախմուտի և Սոլեդարի մոտակայքում։ «Շատ բարդ իրավիճակ է, բայց երկու քաղաքներն էլ դիմանում են: Բախմուտի և Սոլեդարի մեծ մասն ավերված է»,- հավելել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն անում է հնարավորը՝ ուժեղացնելու պաշտպանությունը. նշված ուղղություններ լրացուցիչ ուժեր են տեղափոխվում:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը հունվարի 16-ից փետրվարի 1-ը մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացնեն: Բելառուսի ՊՆ տվյալով՝ ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն արդեն Բելառուսում են: Զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի ԶՈՒ օդանավակայաններում և զորամասերում: