«Սևան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում են խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։
Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավելի ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում 1 ռետինե նավակ։
Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։
Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: