ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Թուրքիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Թուրքական կողմի տվյալով՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Շենթոփը և Գաֆարովան պայմանավորվել են շարունակել գործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և եռակողմ ձևաչափերի շրջանակում։
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանին:
ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
Իրանի խորհրդարանի նախագահը նույնպես մասնակցում է Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստին: Մոհամմադ Ղալիբաֆը տեղեկացրել է, որ նիստի շրջանակում հանդիպելու է Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերների հետ: Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայունությունը կախված է տարածաշրջանի երկրների գործակցության դինամիկայից:
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և սահմանների ցանկացած փոփոխության։
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա և Սիրիա: Նախատեսվող այցերի ժամկետների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Ռայիսին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Էրդողանի հրավերով: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ տեղեկացրել էր, որ Ռայիսին ավելի վաղ պետք է այցելեր Թուրքիա, սակայն մի շարք պատճառներով այցը հետաձգվել է:
Նասեր Քանանին անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան գործակցությանը, նշել՝ երկու երկրների հարաբերությունները պահպանվում են՝ չնայած որոշ թյուրըմբռնումների: Իրանի արտգործնախարարության խոսնակը համոզմունք է հայտնել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտության և բանակցությունների միջոցով:
«Ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ դրական քայլեր կատարել է։ Իրանը ևս կշարունակի համապատասխան ջանքեր գործադրել»,- ընդգծել է Քանանին:
ԻՐԱՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին արձագանքել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հայտարարությանը, թե Իրանը անկայունություն է սփռում Մերձավոր Արևելքում։ Մուսավին նշել է, որ Թեհրանին անհանգստացնում է մի շարք ոլորտներում Ադրբեջան-Իսրայել գործակցությունը, և իրանական կողմը զգուշացրել է Բաքվին այդ հարաբերությունների խորացման հետևանքների մասին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Իսրայելի դեմ հակամարտության դաշտ դառնալ։ Մուսավիի խոսքով՝ Իսրայելը կզղջա Թեհրանի հարևաններին մոտենալու և Իրանի անվտանգությանը սպառնալու համար:
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԱՐՍՈՒՄ
Ադրբեջանցի զինծառայողները Կարսում են՝ մասնակցելու «Ձմեռ-2023» ադրբեջանա-թուրքական զորավարժություններին։ Թուրքիայում անցկացվող վարժանքներին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը 2022 թվականին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել և զարգացրել երկու երկրի ռազմական հնարավորությունները։