Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին պետբյուջեից այս տարվա համար հատկացվել է 32.9 միլիարդ դրամ, որը կուղղվի ավելի քան 77.000 ընտանիքի: Ընտանեկան, սոցիալական և եռամսյակային հրատապ օգնության նպաստները հունվար 1-ից բարձրացել են 2000 դրամով` դառնալով 20.000 դրամ:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Վերջին անգամ այս նպաստների բարձրացում եղել է 2016 թվականին: Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրողությունները, ինչպես նաև վերջին երկու տարիների գնաճը, որոշում է կայացվել շուրջ 10 տոկոսով բարձրացնել այս նպաստների չափերը, բարձրացումը կատարվում է այս փուլի համար:
2023-ը, պաշտոնյայի խոսքով, անցումային տարի է, և հոկտեմբերի 1-ից գործող նպաստների համակարգն ու չափը ամբողջությամբ պետք է վերանայվեն: Նախարարության վարչության պետի վստահեցմամբ՝ նպատակը ծայրահեղ աղքատության վերացումն է:
Արտակ Հարությունյան - Սկզբունքորեն ամբողջությամբ տարբերվելու է գործող համակարգից, այո, բարձրացում լինելու է, և բարձրացումը կապված է լինելու նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու հետ:
Սոցիալական բարեփոխումները ենթադրում են, որ հոկտեմբերի 1-ից փոխվելու են նաև շահառուները: Վարչապետի որոշմամբ` ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Արտակ Հարությունյանի խոսքով՝ սոցապնախարարության մասնագետները մինչև հոկտեմբեր պետք է վերլուծեն, ուսումնասիրեն շահառուների տվյալները, նրանց սոցիալական վիճակը:
Արտակ Հարությունյան - Էս պահի դրությամբ ընտանիքների անապահովությունը գնահատվում է անուղղակի եղանակով` 14 բնութագրիչների հիման վրա, յուրաքանչյուր բնութագրիչ ունի իր թվային արժեքը, որի արտադրյալի միջոցով ստանում ենք ընտանիքի անապահովության միավոր: Այդ միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքները ստանում են ընտանեկան կամ սոցիալական նպաստ:
Հոկտեմբերի 1-ից մեթոդը կփոխվի միջոցների ստուգման հիբրիդային եղանակով. սոցապնախարարության աշխատակիցների թիրախում կլինեն սոցիալական աջակցության խիստ կարիքավորները: Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը պետք է լուծվի ծայրահեղ աղքատության խնդիրը: