Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են մայրաքաղաքում իրականացված աշխատանքները:
Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար:
***
Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր MAN և 60 միավոր Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:
***
Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։
***
2022. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022 թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021 թ. համեմատ հավաքված գումարը, ի դեպ, ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով:
***
Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն այսուհետ ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով արխիվը թվայնացնելու միջոցներ կձեռնարկվեն: