Սիգի ապօրինի որսի դեմ պայքարը շարունակվում է: Եթե շաբաթներ առաջ «Սևան» ազգային պարկի նավին Ծովագյուղի տարածքում ձկնորսները մոտենում էին առանց դիմակների, օրեր առաջ Նորատուսի հատվածում դիմակավորված հարձակում արձանագրվեց:
Պողոս Մարտիրոսյան («Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար) - Մեկ տասնյակից ավելի նավակներով մոտենում են մեզ դիմակավորված ու փորձում են խոչընդոտել, թույլ չտալ, որպեսզի էդ ձկնորսական ցանցերը դուրս բերել: Ընդհուպ փորձում են բարձրանալ նավի վրա:
«Սևան» ազգային պարկի, ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հունվարի 5-ին լճում միանգամից երկու նավակով էին հսկողություն սահմանել: Միայն մեկ օրվա ընթացքում 44 ձկնորսական ցանց են դուրս բերել, ինչն էլ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների զայրույթի պատճառ էր դարձել: Նավակի վրա հարձակման դեպքով արդեն զբաղվում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունը:
Նավին են մոտեցել ձկնորսներ՝ տասը մոտորանավակներով և խոչընդոտել են պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է ձկնորսների ինքնությունը. յոթն էլ Նորատուս գյուղի բնակիչ էին: Նրանք ներկայացել են ոստիկանության Գավառի բաժին:
Բացի Սևանա լճում իրականացվող ապօրինի ձկնորսության կանխարգելման միջոցառումներից, տարբեր վաճառակետերում խիստ հսկողություն է իրականացնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Գեղամ Խաչատրյան (ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ) - Ընդհանուր առմամբ, վաճառակետերից, ճանապարհներից առգրավել ենք 3200 հատ ապօրինի բռնված ձուկ, Սևանա լճից հանվել է 91 ցանց, առգրավվել են երկու ձկնորսական նավակ:
Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են դեկտեմբերի 15-ին և կշարունակվեն մինչև հունվարի 20-ը ներառյալ: