Մոտ 20 օր չոր և տաք եղանակից հետո անցած գիշեր հանրապետության որոշ տարածքներում ձյուն է տեղացել: Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը: Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Ամենաշատը Վարդենիսի հատվածում էր տեղացել` մոտ 20սմ, իսկ մյուս շրջաններում ընդամենը 1-5սմ է ձյան շերտի բարձությունը եղել, Գորիս-Սիսիան հատվածում էր մի փոքր ավել՝ 10-15սմ: Գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-7 աստիճանով, և այնուհետև առաջիկա 5 օրերին ընթացքում այն կմնա հիմնականում անփոփոխ:
Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում. մյուս շրջաններում, մինչև հունվարի 15-ը ներառյալ, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ըստ կանխատեսումների՝ հունվարի տեղումների քանակը կլինի նորմայից ցածր: Մասնագետն ասում է՝ սա ջրային ռեսուրսների կուտակման վրա բացասական ազդեցություն կունենա:
Արդեն հայտնի է, որ Սևան-Հրազդան ոռոգման համակարգում գտնվող ջրամբարներում ընդհանուր առմամբ 6 մլն մետր խորանարդով ջուրը պակաս է, քան նախորդ տարի: Սակայն Արփի լիճ ջրամբարում 22 մլն մետր խորանարդով, իսկ Ախուրյան ջրամբարում 50 մլն մետր խորանարդով ավելի ջուր է կուտակված, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում:
Լևոն Ազիզյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն) - Այսօրվա դրությամբ մենք թե՛ դեկտեմբեր, թե՛ նոյեմբեր ամիսներին ունեցել ենք սակավ տեղումներ՝ նորմայից ցածր, և ձնակուտակման պրոցեսը կարելի է ասել շատ վատ վիճակում է՝ մոտ 70-80սմ ձյունածածկույթը ցածր է իր նորմայից: Դա, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա գարնանային ջրալցվածության վրա, բայց դեռևս վաղ է ասել, որովհետև մենք ունեցել ենք տարիներ, երբ մարտ-ապրիլ ամիսներին եղել են տեղումներ նորմայից մոտ 2-2.5 անգամ ավել, ինչը փոխլրացրել է ձմռան ընթացքում տեղումների բացասական այդ արժեքները:
Գյուղատնտեսական առումով խոցելի է աշնանացանը, ներկա պահին հանրապետության լեռնային հատվածներում, որտեղ գտնվում են աշնանացան ցորենի հողավանդակները, ձյան ծածկ չկա կամ 1-2 սմ բարձրության սահմանում է, և գիշերային ժամերին առանց ձնածածկույթի դիտվող ցրտերը բացասաբար են անդրադառնում աշնանացան ցորենի կենսունակության վրա:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան: