Անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագիրն արդեն գործում է: Գրանցվելու և հերթագրվելու համար առողջապահության նախարարություն դիմելու անհրաժեշտություն չկա: Բավական է միայն ընտրել պետպատվեր ունեցող 5 կլինիկաներից մեկը, որտեղ արդեն իսկ ձևավորված հանձնաժողովը կգնահատի քաղաքացու կարիքները: Հետագա գործընթացը կլինի բուժհաստատության և նախարարության միջև:
Անպտղության հաղթահարման ծրագրին մասնակցող հաստատություններն են՝
«Շենգավիթ» ԲԿ,
«Աստղիկ» ԲԿ,
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» («Մարգարյան հիվանդանոց»),
«Ֆերթիլիթի» ՊԿ,
Հանրապետական ծննդատուն:
Ծրագրի շահառու առաջին խումբը 20-36 տարեկան այն կանայք են, որոնք 2 տարի և ավելի ունեն անպտղություն: Նախկինում եղած սահմանափակումները հանվել են, և հիմա ծրագրից կարող են օգտվել այս խմբի բոլոր քաղաքացիները՝ անկախ նրանց ամուսնական, սոցիալական կարգավիճակից կամ բնակավայրից, զինծառայող կամ նրանց հավասարեցված անձ լինելուց: Այս շահառուների համար պետությունը կտրամադրի ամբողջական փաթեթ:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Այսինքն՝ դա անպտղության պատճառագիտության որոշումն է և բուժումը, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններն են, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը` 100 տոկոս ֆինանսավորմամբ, և երկրորդ փորձը` պետության 50 տոկոս մասնակցությամբ:
Այս խմբի շահառուները, եթե ծրագրին դիմել են 36 տարին չլրացած, շահառուի կարգավիճակը կպահպանեն մինչև 38 տարեկանը:
Շահառուների երկրորդ խումբը 36-42 տարեկան կանայք են՝ էլի անկախ ամուսնական կարգավիճակից: Այս դեպքում առաջարկվող փաթեթը սահմանափակ է:
Նունե Փաշայան - Երկրորդ խմբի՝ 36-42 տարեկան կանանց համար սահմանվել է փաթեթը` միայն սերմնավորման փորձերով:
Պետպատվերով հետազոտություններ այս խմբի համար նախատեսված չեն: Առողջապահության նախարարության պաշտոնյան բացատրում է՝ ենթադրելի է, որ տվյալ դեպքում խնդիրն անպտղությունը չէ:
Նունե Փաշայան - Պարզապես այն կանայք են, որոնք ցանկանում են երեխա ունենալ, և պարտադիր չէ, որ նրանք ունենան նաև անպտղություն:
Ծրագրում ներառվել են նաև այն զույգերը, որոնք առաջին երեխայից հետո ունեն երկրորդային անպտղություն, ապրում են սահմանամերձ բնակավայրերում, մշտական բնակության վայրում հաշվառված են առնվազն մեկ տարի, կինը պատկանում է 20-36 տարիքային խմբին: Գրանցված ամուսնությունն այս դեպքում պարտադիր է:
Նունե Փաշայան - Իրենց տրամադրվող փաթեթը հետևյալն է՝ անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը:
Ծրագրի իրագործման համար կառավարության որոշմամբ սահմանված տարեկան բյուջեն ավելի քան 2 միլիարդ 600 միլիոն դրամ է:
Հեղինակ` Աննա Զախարյան