Թուրքիան թույլ չի տա իր հարևան և ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին ընդլայնել Էգեյան ծովում առկա տարածքային ջրերի սահմանները։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ հանդիպմանը։
«Մենք թույլ չենք տա տարածքային ջրերի ընդլայնում ներկա 6 մղոնից մինչև 12 մղոն»,- ասել է Աքարը՝ մեկնաբանելով Կրետե կղզու մոտ ծովային սահմանները փոխելու՝ Հունաստանի ծրագրերի մասին հաղորդագրությունները։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հերքել է Հունաստանի մեղադրանքները, թե Անկարան վարում է «նեոօսմանյան, ռևիզիոնիստական և ծավալապաշտական քաղաքականություն»՝ ընդգծելով, որ իր երկիրը կողմ է Աթենքի հետ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն։ «Թուրքիան ոչ ոքի չի սպառնացել և չի սպառնում, այդ թվում՝ Հունաստանին, այն ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակից է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան դա»,- ասել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը բազմիցս զգուշացրել է Հունաստանին Անկարայի դեմ «լարվածության քաղաքականության» և Էգեյան ծովում առկա ստատուս քվոյի խախտման հետևանքների մասին։