1 տարի շարունակ «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը՝ հայտնի «Շչելկունչիկը», անցավ տարբեր դահլիճներով. դահլիճներում հանդիսատեսի պակաս թե՛ նախատոնական, թե՛ տոնական օրերին չեղավ. հետաքրքրությունը հիմա էլ չի դադարել:
Շմավոն Գրիգորյան (Օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր) - Մենք փորձեցինք մեծ թափով հանրայնացնել ներկայացումը Հայաստանում, որի արդյունքը այսօր տեսնում ենք մենք: Այսինքն՝ վաճառվում են տոմսեր, վաճառվում եթե ոչ ամբողջական դահլիճը, 80% զբաղվածություն դահլիճի:
Վերջին ամիսներին այս ներկայացման համար դերասաններն արդեն 15-րդ անգամ են բեմ բարձրանում. մինչև ամսի 13-ը սպասվում են ևս 5-ը:
Շմավոն Գրիգորյան - Նման ներկայացումների շնորհիվ մենք կոտրեցինք ուղղակի կարծրատիպը Հայաստանում, որ դասական արվեստի համար չեն վճարում կամ ցանկություն չունեն վճարել, հետևաբար այս արդյունքը, որն ունի օպերային թատրոնը, կոնկրետ ուղերձ է, որ հանդիսատեսը պատրաստ է վճարելու որակյալ արժեքի համար:
Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը ավելի քան երեք տասնամյակ ընդմիջումից հետո է միայն բեմադրվում Հայաստանում։ Արտիստները վստահեցնում են՝ «Շչելկունչիկը» մարդկանց տարբերվող և գեղեցիկ ներկայացնելու համար կարճ ժամանակում մեծ աշխատանք են կատարել:
Միլիտոն Կիրակոսյան (բալետի արտիստ) - Շատ մեծ փորձեր ենք ունեցել «Շչելկունչիկի» հետ կապված, ծանր աշխատանքներ ենք ունեցել, գիշեր-ցերեկ անընդմեջ պարելով:
Անահիտ Վասիլյան (բալետի արտիստ) - «Մարդուկ-ջարդուկը» շատ մեծ փոփոխություն էր մեր թատրոնի համար: Կովտունը եկել էր այստեղ ու բեմադրեց մի փոքր այլ տարբերակով «Մարդուկ-ջարդուկը»:
«Մարդուկ-ջարդուկը» երկար սպասված ներկայացում է, որի իրականացմանը աջակցել է ԿԳՄՍ նախարարությունը. մեծ ջանքեր է ներդրել նաև թատրոնի անձնակազմը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան