ԻՐԱՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին արձագանքել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հայտարարությանը, թե Իրանը անկայունություն է սփռում Մերձավոր Արևելքում։ Մուսավին նշել է, որ Թեհրանին անհանգստացնում է մի շարք ոլորտներում Ադրբեջան-Իսրայել գործակցությունը, և իրանական կողմը զգուշացրել է Բաքվին այդ հարաբերությունների խորացման հետևանքների մասին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Իսրայելի դեմ հակամարտության դաշտ դառնալ։ Մուսավիի խոսքով՝ Իսրայելը կզղջա Թեհրանի հարևաններին մոտենալու և Իրանի անվտանգությանը սպառնալու համար:
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԱՐՍՈՒՄ
Ադրբեջանցի զինծառայողները Կարսում են՝ մասնակցելու «Ձմեռ-2023» ադրբեջանա-թուրքական զորավարժություններին։ Թուրքիայում անցկացվող վարժանքներին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը 2022 թվականին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել և զարգացրել երկու երկրի ռազմական հնարավորությունները։
ՀՐԴԵՀ ԲԱՔՎԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հունվարի 8-ին Բաքվի ամենամեծ առևտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, հրդեհ է բռնկվել։ Մարման աշխատանքներին ներգրավվել է 30 միավոր տեխնիկա, հրդեհը տեղայնացվել է, դրա պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Լրատվամիջոցների տվյալով՝ կրակը լուրջ վնաս է հասցրել առևտրի կենտրոնին, այրվել են մի շարք կոմերցիոն տարածքներ և խանութներ, կան տուժածներ:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ֆեյսալ Միքդադը կհանդիպեն հունվարի 11-ին Մոսկվայում: Քննարկումներին ներկա կլինի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպման կազմակերպմանը ներգրավված է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվայում նախատեսված շփումները հող կպատրաստեն Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի նախագահների եռակողմ հանդիպման համար։
ԿԱՅԱՑԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադի հետ։ Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և տարածաշրջանում վերջին զարգացումները։ Նախարարները վերահաստատել են երկու երկրի միջև առկա գործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կառուցողական դերի համար։ Նա նաև ընդգծել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ձևաչափերում Թեհրանի մասնակցության անհրաժեշտությունը։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՌԱՆՑ ՇՎԵԴԻԱՅԻ
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի պայմաններ է առաջ քաշում ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության դիմումը վավերացնելու համար։ «Անկարան ուզում է այն, ինչ մենք չենք կարող և չենք ուզում տալ»,- հավելել է նա։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն էլ նշել է, որ Հելսինկին չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի: Նրա խոսքով՝ Ստոկհոլմն ու Հելսինկին միասին կավարտեն Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գործընթացը։ Հաավիստոն նաև վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ին միանալուց հետո Ֆինլանդիայի տարածքում միջուկային զենք չի տեղակայվի:
Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, հայտարարել է՝ ժամանակն է, որ Թուրքիան վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցության՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները, քանի որ սկանդինավյան երկու երկրները քայլեր են ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ և Թուրքիա զենքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցում:
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները հունվարի 8-ին ներխուժել են Բրազիլիայի կառավարական կառույցներ՝ խորհրդարանի շենք, Դաշնային գերագույն դատարան, պետության ղեկավարի նստավայր: Ակցիայի մասնակիցները դեմ են հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին և երկրի ղեկավարի պաշտոնում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նշանակվելուն:
Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահները ուղղաթիռներից ձայնային նռնակներ են արձակել ցուցարարների ուղղությամբ, կիրառել են արցունքաբեր գազ։ Ցույցերի մեկնարկից մի քանի ժամ անց ոստիկաններին հաջողվել է դուրս բերել բողոքի ակցիայի մասնակիցներին կառավարական շենքերից։ Լրատվամիջոցների տվյալով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 5000 քաղաքացի, ձերբակալվել է ավելի քան 400 մարդ:
Նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ տեղի ունեցածը օրենսդրության խախտում է։ Միջազգային հանրությունը սատարել է գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային և նրա կառավարությանը։ Բրազիլիայում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարվել։