Հայաստանի համայնքների եկամուտները 2022-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 125 մլրդ 742 մլն դրամ՝ 9.3 տոկոսով ավելի, քան 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Գումարի հիմնական մասը՝ 48.5 տոկոսը, պետական դրամաշնորհներն ու սուբսիդիաներն են, 20.6 տոկոսը բնակիչներից գանձված հարկերն ու տուրքերը, 30.9 տոկոսը այլ եկամուտները՝ հիմնականում համայնքային սեփականության վարձակալությունից ստացվածը:
Վահե Բուլանիկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Իմ գնահատմամբ՝ հիմնականում աճը եղել ա հենց գույքահարկի այլ աղբյուրներից, օրինակ՝ հյուրանոցի հարկի գծով աճը, այստեղ նաև պետք ա նշել՝ պաշտոնական դրամաշնորհների աճ ա տեղի ունեցել՝ 7.2 տոկոսով, որը հիմնականում պաշտոնական դրամաշնորհները իրենից ներկայացնում են դոտացիաները, համայնքային բյուջեներին տրվող համահարթեցման դոտացիաները, ինչպես նաև սուբվենցիաները:
Համայնքների եկամուտների ավելացմանը առաջին հերթին նպաստել է գույքահարկի աճը: Օրենքի փոփոխության համապատասխան՝ 2021-ից մինչև 2026 թվականը գույքահարկի չափն աստիճանաբար ավելանում է: Բարձր եկամուտ ապահովող համայնքների ցանկում, ըստ փորձագետի, էական փոփոխություններ չեն նկատվում:
Վահե Բուլանիկյան - Այսինքն՝ էն քարշակ ուժերը հիմնականը էլի մնում ա Երևանը, Շիրակի մարզը և Լոռու մարզը, ինչպես նաև Տավուշի մարզը: Միանշանակ, եթե համեմատենք, օրինակ՝ Երևան քաղաքի հետ, համայնքների տվյալ կատարողականը հետ ա մնում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալով՝ հավաքագրումը գրեթե բոլոր համայնքներում պլանավորվածի առնվազն 95 տոկոս ցուցանիշը հաղթահարում է: Այն համայնքներում, որտեղ հավաքագրված գումարը մեծ ծավալի չէ, օգնության է հասնում պետությունը՝ դոտացիաների տեսքով:
Արտակ Ալբերտյան (ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ) - Մեր դոտացիաների հատկացման հիմնական սկզբունքը համայնքները համաչափ զարգացման տանելն է, և ինչպես մենք գիտենք՝ 22 թվականին մեր պետության կողմից հատկացվող դոտացիաները կազմում են 64.7 մլրդ դրամ, և հենց այդ ցուցանիշն է, որ ելնելով համայնքների ելակետային տվյալներից, այսինքն՝ ինչքան քիչ են հավաքագրում եկամուտները տվյալ համայնքներում, այնքան ավելի պետության կողմից աջակցությունն ավելի շատ է:
Համայնքների համաչափ զարգացման համար պաշտոնյան բերում է Երևանին և այլ համայնքներին տրվող դոտացիաների տարբերության օրինակը: Երևանին 2016 թվականից հատկացվում է տարեկան 13.5 մլրդ դրամ:
Արտակ Ալբերտյան - Մինչ էսօր Երևան քաղաքի դոտացիան չի ավելացել, դա նաև ցուցիչ է, որ էն գումարները, որոնք որ ավելանում են դոտացիան, տեսեք՝ 16 թվականից մինչ այսօր՝ 46 մլրդ-ը դարձել է 64 մլրդ, ի դեպ ասեմ՝ արդեն 69 մլրդ-ի շեմն ենք հաղթահարել, և միևնույնն է՝ Երևան քաղաքին ինչպես 16 թվականին ենք տվել 13.5 մլրդ, այնպես էլ 22, 23 թվականներին:
Օրինակ՝ Աշտարակ համայնքում, որին խոշորացման արդյունքում միացել է 29 բնակավայր, բյուջեի եկամուտները 10 տոկոսի չափով աճել են՝ նշում է համայնքապետի ղեկավարի առաջին տեղակալ Շանթ Վահանյանը:
Շանթ Վահանյան (Աշտարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - 2021 թվականին մեր Աշտարակ համայնքում ընդգրկված բոլոր համայնքների եկամուտները ընդհանուր վերցրած կազմել էին 950 մլն դրամ, որը 2022 թվականին դարձել էր 1 մլրդ 66 մլն դրամ:
Համայնքների ծախսերը հունվար-սեպտեմբերին կազմել են 119 մլրդ 991 մլն դրամ, 7.5 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Ծախսային խոշոր ուղղությունները եղել են՝ կրթության՝ 33.4, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների՝ 19.7, տնտեսական հարաբերությունների՝ 15.5 և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները՝ 12.2 տոկոս:
Շանթ Վահանյան - Սեփական եկամուտները նաև աճելով՝ աճում է նաև մեր ծախսային մասը: Ծախսային մասում աշխատանքները բազմապիսի են եղել, քանի որ ներգրավված են եղել գյուղական բնակավայրեր, որտեղ տարբեր են խնդիրները: Խնդիրները՝ սկսած մինչև գազիֆիկացումից ընկնում է մինչև ոռոգման ցանցի, խմելու ջրի ցանցի բարելավման աշխատանքներ և այդ իսկ պատճառով, այս տարի մենք որդեգրել ենք քաղաքականություն, ըստ որի պետք է ուսումնասիրեինք մեր գյուղական բնակավայրերում առկա առաջնային խնդիրները:
Վահանյանի հավաստմամբ՝ առաջնային խնդիրները ուսումնասիրելով, 2023 թվականի համար նախատեսել են 4.5 մլրդ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրերի իրականացում,
Շանթ Վահանյան - որից 2.8-ը պետբյուջեից է ֆինանսավորում լինելու, այսինքն՝ մեր ֆինանսական վիճակի բարելավումից հետևում է, որ մենք ավելի շատ սուբվենցիոն ծրագրերի ենք կարողանում մասնակցել:
Ըստ Արտակ Ալբերտյանի՝ եկամուտների և ծախսերի առումով ինքնաբավ համայնքներ չունենք, որքան եկամուտներն ավելանում են, ծախսերը դրան զուգահեռ աճում են: Ինչ վերաբերում է տարվա ակնկալիքներին, վարչության պետը մանրամասնում է.
Արտակ Ալբերտյան - 21 թվականին հավաքագրումները կազմել էր 29 մլրդ դրամ, իսկ 11 ամիսների կտրվածքով 27.7 մլրդ դրամ է, էն պարագայում, որ ամենաշատ հավաքագրումները հիմնականում դեկտեմբեր ամսին են իրականացվում: Համոզված եմ՝ դեկտեմբեր ամսին մեր հավաքագրումները կհատեն 7 մլրդ դրամի շեմը, որը արդեն իսկ ցուցանիշ է, այսինքն՝ եթե 7 մլրդն էլ գումարում ենք 34.7 մլրդ:
Մասնագետների գնահատմամբ՝ համայնքների խոշորացումն էլ իր հերթին է նպաստում, որպեսզի խնդիրներին ավելի արագ լուծում տրվի, իսկ եկամուտներն ու ծախսերը համակարգված լինեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան, Վահե Կոստանդյան