Վերջին երեք տարվա ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել համայնքի նախկին և գործող 373 ղեկավար, որոնցից տարբեր պատիժների դատապարտվել է.
Սամվել Հակոբյան (ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - 2020 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ՀՀ իրավասու մարմիններում եղած կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով նախաձեռնման պահին նախնական հաշվարկով արձանագրվել է համայնքներին պատճառված շուրջ 12 միլիարդ 510 միլիոն դրամի չափով վնաս, նույն քրեական վարույթների շրջանակներում նշանակված փորձաքննությունների ինչպես նաև կատարված այլ վարութային գործողությունների արդյունքում նշված վնասից հստակեցվել է շուրջ 4 միլիարդ 700 միլիոն դրամը:
Դատախազի խոսքով՝ ավարտված քրեական վարույթներով արդեն իսկ վերականգնվել է 1 միլիարդ 44 միլիոն դրամ, ընդ որում՝ վերականգնման 80 տոկոսը կատարվել է 2022 թվականի ընթացքում: Համայնքներին պատճառված մնացած՝ 11 միլիարդ 466 միլիոն դրամ չվերականգնված վնասի մասով նախաքննությունը մի շարք քրեական վարույթներով շարունակվում է:
Սամվել Հակոբյան - Նշված գումարների վերականգնումը մեծ մասամբ պայմանավորված է եղել դատախազների կողմից շրջադարձային որոշում կայացնելով, այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից քրեական գործի վարույթը կարճվել է արդարացնող հիմքով, որից հետո նշված որոշումը դատախազի որոշմամբ վերացվել է, և արդյունքում վերականգնվել են համայնքին պատճառված վնասները:
Քրեական հետապնդման ենթարկվածներից են Երևան, Գյումրի, Վանաձոր, Բերդ, Ստեփանավան, Քասախ, Սուրենավան, Իջևան, Դիլիջան, Մեղրի համայնքների նախկին, Գորիսի ներկա ղեկավարը: Այս տարիների ընթացքում ամենախոշոր վնասը հասցվել է Երևանին:
Սամվել Հակոբյան - Համայնքին պատճառվել է շուրջ 2 միլիարդ 327 միլիոն դրամի չափով վնաս:
Ըստ մեղադրանքի՝ 2002-2009 թվականները՝ որպես Կենտրոնի թաղապետ, 2009-10-ը՝ որպես քաղաքապետ, Գագիկ Բեգլարյանը Երևանում ու այլ բնակավայրերում գտնվող շուրջ 27 անշարժ գույք է ապօրինաբար յուրացրել, դրանցից 4-ը՝ Մաշտոցի պողոտայում: Դատախազի խոսքով՝ 2 միլիարդ 327 մլն դրամ վնասից Բեգլարյանը վերականգնել է շուրջ 320 միլիոնը: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Լուրերի» հետ զրույցում հրաժարվեց խոսել՝ նախաքննական գաղտնիք չբացահայտելու պատճառաբանությամբ, միայն նշեց՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հափշտակության մեղադրանքները չեն ընդունում: Այդ դեպքում ինչո՞ւ են հատուցել վնասի մի մասը, պաշտպանը չմանրամասնեց:
Համայնքին հասցված վնասի ամենախոշոր վերականգնումն արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի 2008-15 թթ. քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ ապօրինի փոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 450 միլիոն դրամ արժողությամբ 10 հա հողատարածքի նշանակությունը, և ձևական աճուրդի միջոցով օտարվել ընդամենը 712.400 դրամով: Թեև համայնքին պատճառված 450 միլիոն դրամի վնասը Գուլոյանը վերականգնել է, այս դեպքում ևս նրա պաշտպան Հունան Բաբայանի խոսքով՝ նախկին համայնքապետը չի ընդունում մեղադրանքը: Այլ հարցերի պաշտպանը չպատասխանեց:
Մի շարք այլ համայնքների ղեկավարների հնարավոր չարաշահումների քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Դատախազը հիշատակում է 1999-2016 թվականները՝ 17 տարի Վանաձորը ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանի գործը:
Նրա պաշտոնավարման ժամանակ, ըստ մեղադրանքի, քաղաքի միակ հիվանդանոցի հարակից 85 քառակուսի մետր համայնքապատկան տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել է, թեև տարածքը հիվանդանոց տանող ճանապարհ էր և օտարման ենթակա չէր:
Սամվել Հակոբյան - Քննիչի կողմից որոշում էր կայացվել քրեական գործով վարույթը արդարացնող հիմքով կարճելու մասին, նույն քրեական վարույթով ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2022 թվականին որոշում է կայացվել քննիչի որոշումը վերացնելու մասին, արդյունքում՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և 2022 թվականի դեկտեմբեր ամսին կայացվել է համապատասխան դատավարական ակտ:
Դատարանը թեև հաստատել է Դարբինյանի մեղադրանքը, բայց որոշել է, որ նրա պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է, և դադարեցրել է քրեական հետապնդումը: Համայնքի նախկին ղեկավարը հրաժարվեց «Լուրերի» հարցին պատասխանել՝ առանց հարցը լսելու անջատելով հեռախոսը: Նրա փոխարեն խոսեց պաշտպանը:
Ռուբեն Հակոբյան (Սամվել Դարբինյանի պաշտպան) - Ի սկզբանե Սամվել Դարբինյանը նշել էր, որ որևէ հանցանք չի կատարել, տվյալ տարածքը օտարվել է այդ ժամանակ գործող օրենքի բոլոր պահանջների խստիվ պահպանմամբ, և այդ դիրքորոշումը ունեցել է նաև մինչև վերջ:
Մեղադրանքը չընդունող Դարբինյանը, սակայն, համաձայնել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ թե արդարացման, այլ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ռուբեն Հակոբյան - Պատկերացնո՞ւմ եք՝ 63 տարին բոլորած անձը էդ այսպես ասած չակերտավոր ենթադրյալ հանցագործության դեպքով տարիներով դատական պրոցեսների մեջ լինի, առողջական խնդիրներ ունի և հենց դիմումն էլ էդպես գրել է պարոն Դարբինյանը, որ մեղադրանքը շինծու է, արհեստածին է, քաղաքական շարժառիթներով ա, չեմ ընդունում, ուղղակի հոգնել եմ այս քաշքշուկներից:
Դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը մտադիր է հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսել: Դատարան ուղարկված գործերից մեկով էլ դատաքննությունը դեռ շարունակվում է, մեղադրյալը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2005-2021 թթ. ղեկավար Արմեն Սանթրոսյանն է:
Սամվել Հակոբյան - Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համայնքին պատկանող անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրել է իր հետ փոխկապակցված անձի ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել են ծանր հետևանքներ: Բացի այդ, նույն քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ վերջինս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի չափով կաշառք:
Թե՛ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և հափշտակության համար մեղադրվող նախկին պաշտոնյան, թե՛ նրա պաշտպանը հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:
Դատախազը հավելում է՝ դատարան ուղարկված մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ Գորիս, Վաղաշեն, Մրգավան և մի շարք այլ համայնքների ղեկավարների հնարավոր հանցանքները հաստատվել են մեղադրական դատավճիռներով, դրանց մի մասն արդեն իսկ օրինական ուժ է ստացել:
Սամվել Հակոբյան - Ընդ որում՝ մի շարք դեպքերում դատարանների կողմից որպես պատիժ նշանակվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել:
Միայն 2022 թվականին դատարանը կայացրել է 13 դատավճիռ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան