71 համայնք, 64-ը՝ խոշորացված կամ միավորված, 5-ը՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայր և 2 քաղաք` Երևանն ու Գյումրին. սա Հայաստանի ներկայիս վարչատարածքային բաժանումն է: Գործընթացն ամբողջապես ավարտվեց 2022-ի սեպտեմբերի 25-ի ընտրություններով, չնայած որ ռեֆորմի ակունքներում կանգնած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը վստահ է՝ սա շարունակական բարեփոխում է:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Դիսկրետ դեպքեր կարող են լինել, եթե մենք որևէ տեղ մի մեծ, խոշոր տնտեսական պրոյեկտ ունենանք, ենթադրենք՝ նոր օդանավակայան, ինչ-որ մի նոր հանգույց, տեխնոլոգիական խոշոր մի բան, բացառված չէ, որ դրա շրջակա բնակավայրերից մեկը մենք թիրախավորելով էդ մեծ պրոյեկտի հետ կառանձնացնենք ու կդարձնենք առանձին համայնք: Մենք էն մտքից, որ դա դոգմատիկ ու դժվար փոփոխելի բան է, պիտի հեռանանք:
Ի՞նչ տվեց և կտա այս ռեֆորմը. այս հարցը շատ քննարկվեց հենց համայնքների միավորման ընթացքում: Ի վերջո, դա դրակա՞ն, թե՞ բացասական փոփոխություն է:
Վաչե Տերտերյան - Փոփոխությունները արվում էին մի նպատակով, որպեսզի մենք կարողանանք էդ ձևավորված բազայի վրա՝ նոր համայնքային բազայի վրա, ինչը ենթադրում է նյութական ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ, նոր կառավարչական հնարավորություններ ու հմտություններ, ավելի լավ ծառայություններ մատուցել մեր բնակիչներին, ավելի շատ ծառայություններ մատուցել մեր բնակիչներին, և տեղական, համայնքային իշխանությունը դարձնել ավելի գործունյա, ավելի շատ լիազորություններով և ավելի արդյունավետ:
Գեղարքունիքի մարզի վերջին խոշորացումը Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումն էր 2022-ի սեպտեմբերին: Մարզպետարանի պաշտոնյան իր դիրքորոշումն ունի բարեփոխման վերաբերյալ, վստահ է՝ ցանկացած ռեֆորմի հաջողություն կախված է այն իրականացնողից:
Վանիկ Հարությունյան (Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ) - Հիմա համեմատության համար երկու թիվ ասեմ. մեր մարզում 93 համայնք էր, 93 համայնքի գրեթե 60 տոկոսը փոքր համայնքներ էին, հատկապես Վարդենիսի տարածաշրջանի և Ճամբարակի տարածաշրջանի համայնքները: Էդ երկու շրջանի համայնքների մոտ 80 տոկոսը սեփական եկամուտները և պետության տված համահարթեցման դոտացիան չէր հերիքում միայն աշխատավարձի, այսինքն՝ հավելյալ գումար չէր ունենում համայնքը, որ իր ենթակառուցվածքները զարգացնի:
Ըստ Հարությունյանի՝ խոշորացումից հետո բոլոր համայնքները հավասարապես զարգանում են, ընդ որում՝ փոքրերն անգամ առավելություն ունեն: Մի քանի այլ թիվ էլ ներկայացրեց. 2022-ին Գեղարքունիքի մարզը գրեթե 14 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր էր ներկայացրել, մեծ մասը հատկացվել է ծայրամասային փոքր բնակավայրերին, և այն գյուղերը, որոնք երբեք հնարավորություն չեն ունեցել որևէ ենթակառուցվածք նորոգելու կամ կառուցելու, հիմա զարգանում են: Սուբվենցիաների թեմայից խոսելով Վաչե Տերտերյանն էլ ներկայացրեց 2023-ի արդեն իսկ ստացված հայտերը, որոնք անցնում են 400-ը: Լոռու մարզում 3 անգամ խոշորացման պրոցես է իրականացվել, և հիմա ամբողջ մարզում 11 համայնք կա, որից 10-ը՝ խոշորացված:
Մհեր Խեչումյան (Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ) - Կա տարածված այնպիսի կարծիք, որ միավորման արդյունքում կրճատումներ են տեղի ունենում համայնքապետարաններում, բայց ես պիտի նշեմ, որ դա էդքան էլ այդպես չէ: Իհարկե կրճատումներ եղել են, բայց դա ավելի շատ հաստիքների վերապրոֆիլավորման գործընթաց է, այսինքն՝ կրկնվող հաստիքներն են կրճատվում, փոխարենը բացվում են նոր հաստիքներ, որոնք ծառայություններ մատուցող հաստիքներ են:
Բնակիչները նաև մտահոգված էին, որ խոշորացումից հետո ամեն տեղեկանքի կամ փաստաթղթի համար պետք է համայնքային կենտրոն գնան, որը հեռու է, հասնելը՝ անհարմար ու ծախսատար:
Մհեր Խեչումյան - Ժամանակը ցույց տվեց, որ տեղաշարժի անհրաժեշտություն չկա, և ցանկացած տեղեկանք ու տեղեկատվություն հենց բնակավայրի վարչական կենտրոնում կարողանում է ստանալ բնակիչը:
Ախուրյան համայնքը Շիրակում ամենամեծերից է, երկու անգամ խոշորացվել է՝ 2017-ին և 2021-ին: Միավորումից հետո Ախուրյանը 35 բնակավայր ունի՝ 45 հազար բնակչությամբ:
Արծրուն Իգիթյան (Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար) - Բնակավայրում մեկ տարում չենք կարող բոլոր գյուղերում ծրագիր իրականացնենք, ըստ առաջնահերթության, ըստ հնարավորությունների, ըստ գումարի մեծության, ըստ տոկոսների բաշխման մենք փորձում ենք դրանք հավասարաչափ բաշխել, հաշվի ենք առնում բնակավայրերի հավասարաչափ զարգացումը:
Հովիտ համայնքում, օրինակ՝ 2022-ին 68 մլն դրամ սուբվենցիայով նորոգել են ոռոգման ցանցը, մինչդեռ նախկինում համայնքի բյուջեն մոտ 13 մլն դրամ էր:
Ավետիք Սերոբյան (Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի վարչական ղեկավար) - Ոչ մի բան էլ չենք կարողացել, նման մեծ գործեր անենք: Համայնքի բնակչության թիվը 650 հոգի, մեր փոքր բնակավայրի համար շատ ձեռնտու տարբերակ է:
Ոլորտի պատասխանատու փոխնախարարը հորդորեց համայնքների խոշորացումը բացառապես ծախսերի ու սուբվենցիաների հետ չկապել, համակարգային բարեփոխումները պակաս կարևոր չեն:
Վաչե Տերտերյան - Տեղական իշխանությունը նաև մրցակցային ընտրություններ են, տեղական իշխանությունը նաև մրցակցային ծրագրեր են, տեղական իշխանությունը նաև համայնքային զարգացման մրցակցային տեսլական ունենալն է, տեղական իշխանությունը հնարավորություն է պետական խոշոր ծրագրերի հետ սինխրոնիզացվելու և թղթակցվելու, չէ՞ որ մենք մարզային զարգացման ծրագրեր ենք անում, պետական մակարդակի խոշոր ներդրումներ ենք անում և ուզում ենք տեղական իշխանության գործընկեր:
Խոշորացման հետ կապված մեկ այլ հարց, որը շատ քննարկվեց. համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների բացն էր, երբ ընտրությունից հետո հնարավոր չէր լինում ավագանի ձևավորել: Ընտրական, թերևս, ամենախոշոր ձախողումը Վանաձորում էր, որտեղ ընտրությունն անցկացվել էր 2021-ի դեկտեմբերին, բայց 2022-ի տարեվերջին միայն հնարավոր եղավ ավագանու առաջին նիստ գումարել, ընդունել բյուջեն ու հաստատել սուբվենցիոն ծրագրերը: Խնդիրը Կառավարությունը օրենսդրական փոփոխությամբ փորձեց լուծել:
Վաչե Տերտերյան - Մենք օրենսդրորեն կարգավորել ենք հետևյալ բացերը, որ եթե, ենթադրենք, ինչ-ինչ պատճառներով չի կայանում ավագանու նիստ, չի ընդունվում համայնքապետ, պրոցեդուրալ ինչ-որ գործընթացներ մտնում են փակուղի, ապա համայնքի քիչ թե շատ բնականոն գործունեությունը ապահովելու համար մենք արեցինք որոշակի փոփոխություններ, որով հնարավոր է լինում նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ, ինչ-որ ժամկետներ ֆիքսել, որ համայնքը որոշակի բնականոնությամբ գնա:
2022-ի տարեվերջին նախարարությունը ապակենտրոնացման հայեցակարգ կազմեց, որը նախատեսում են ընդունել 2023-ին: Դրանով տեղական ինքնակառավարման մարմիններին նոր լիազորություններ կտրվեն. համայնքներում կգործեն պետական շուրջ 60 ծառայություններ, ՏԻՄ-երը կունենան ավելի լայն լիազորություններ: